Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնատիպ բողոքի երթ Գյումրիում՝ հորդառատ անձրեւի տակ, թրջված շորերով (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 24,2015 21:21

Թեեւ գյումրեցի ակտիվիստները մի քանի օր է՝  չեն հեռանում Գյումրու Թատերական հրապարակից, գիշերում են այնտեղ՝ նստացույց անցկացնելով հոսանքի թանկացման դեմ, սակայն  ամեն օր ժամը 18..00-ից սկսած  քաղաքի բնակչությունը հավաքվում է այստեղ ու սկսվում է քայլերթը բոլոր փողոցներով: Այսօրվա բողոքի երթը իր տեսակի մեջ եզակի էր, բանն այն էր, որ  հենց ժամը 18.00-ին սկսվեց  հորդառատ անձրեւ, ու քանի որ Գյումրիում ջրահեռացման համակարգը ընդհանրապես չի գործում երկրաշարժից հետո, փողոցները անանցանելի են դարձել: Սակայն այս ամենը չխանգարեց  գյումրեցիներին քայլերթ անցկացնելու ու բացականչելու. «Մենք ենք տերը մեր երկրի»:

Այս երթի մասնակիցների թիվը կրկնակի էր դարձել, միացել էին նաեւ գյումրեցի կանայք, որոնք սովորաբար բողոքի ակցիաների քիչ են մասնակցում: Անձրեւը գնալով ուժեղանում էր, իսկ երթի մասնակիցները էլ ավելի բարձր էին բացականչում ու հայրենասիրական երգեր կատարում:

Բողոքի մասնակիցները անձրեւանոցներ էին պահում թրջվող ոստիկանների գլխին, որոնք չէին կարող ո՛չ պատսպարվել, ո՛չ էլ անձրեւանոցներ վերցնել, քանի որ շղթա կազմած ուղեկցում էին քաղաքացիներին: Մի պահ այլեւս անհնար էր դիմակայել անձրեւին, երթի մասնակիցները մտան Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցի ու սկսեցին աղոթքը:

Ոստիկանները եւս սկսեցին աղոթել ակտիվիստների հետ, նույնիսկ լուսանկարվեցին:

Gyumri_01 Gyumri_02 Gyumri_03 Gyumri_05 Gyumri_07 Gyumri_08 Gyumri_09 Gyumri_91 Gyumri_92

Տնտեսագետ Կարեն Պետրոսյանն ու փաստաբան Թամարա Յայլոյանը եկեղեցու աստիճանների վրա փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանին ասացին՝ ինչո՞ւ եք այդպես արագ անցնում մեր կողքով, եկեք դուք էլ մի հատ նկարվեք մեզ հետ: Փոխոստիկանապետը սիրով համաձայնեց:

Gyumri_04

Այնուհետ խաղաղ երթի մասնակիցները եկեղեցուց շարժվեցին դեպի Թատերական հրապարակ ու թրջված շորերով սկսեցին հայրենասիրական երգեր կատարել, շուրջպար բռնել: Մի այնպիսի մթնոլորտ է տիրում Թատերական հրապարակում, կարծես  երկրաշարժից ավերված, տխուր  քաղաքը վերակենդանացել, հարություն է առել:

Տնտեսագետ Կարեն Պետրոսյանը հայտարարեց, որ ոչ մի անձրեւ չի խանգարելու նստացույց անցկացնելու, քանի դեռ հոսանքի թանկացման մասին որոշումը չի կասեցվել: Այսօր եւս նստացույց կլինի քաղաքում: Նշենք, որ բողոքի երթի ցուցապաստառներից մեկի վրա Գյումրու բարբառով գրված էր. «Լույսը վառել եմ ու բդի վառեմ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930