«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Հայաստանի հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրենքի եւ Սահմանադրության շրջանակում բողոքի իրենց ձայնը բարձրացնելու՝ սոցիալական խնդիրների լուծմանը հասնելու համար։ Քաղաքացիական ակտիվիստների եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների հանդեպ բռնություն գործադրելով հնարավոր չէ լուծել առաջացած լրջագույն խնդիրները։ Բռնությունը մեծացնում է լարվածությունն ու փակում երկխոսության ճանապարհով սոցիալական հիմնախնդիրները լուծելու հնարավորությունը։ «Բարգավաճ Հայաստանը» կոչ է անում ձեռնպահ մնալ քայլերից, որոնք միանշանակ բերելու են լարվածության է՛լ ավելի սրման։
Վերջին օրերին հազարավոր երիտասարդների խաղաղ, բայց վճռական բողոքը մենք գնահատում ենք հստակ ուղերձ իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին առ այն, որ կուտակված սոցիալական, տնտեսական, հասարակական, քաղաքական խնդիրները օր առաջ լուծում են պահանջում։ Մեր պետությանը և հասարակությանը անհրաժեշտ են փոփոխություններ, առաջընթաց և զարգացում: Անհրաժեշտ են զարգացման հստակ ծրագրեր, բաց և հրապարակային քննարկումներ, դժվար, բայց ճշգրիտ որոշումներ: Սա է ճանապարհը։ Այլ ճանապարհ չկա։
ԲՀԿ քաղաքական խորհուրդ