ԳԽ նախկին պատգամավոր, խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը տպավորված է իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներից:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Արշակյանը այսօրվա պայքարող երիտասարդությանը որակեց հաղթող սերունդ. «Այս երիտասարդները սերվել են մութ տարիներին, այս մարդկանց ծնողները հաղթել են այն ժամանակ, տվել են այն քննությունը, ատեստացիան, որը այսօր տեսնում ենք, տվել են հրաշալի սերունդ: Պարզվում է, որ լավ գործեր շատ կան, ու դրանք անողներ կան, մինչդեռ մենք մտածում էինք, որ վերջինն ենք, ու եթե կա հերոսացում, ուրեմն արել ենք, մենք հաղթեցինք, ու այլեւս պատմությունն ավարտվել է, էլ հերոսանալու բան չկա: Բայց այս մարդկանց ես անվանում եմ հերոսներ…Մենք հուսահատված էինք, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ կային, բայց ծպտվել էինք, վտանգներ էինք զգում, մտածում էինք, թող անցնի վտանգը, թող անցնի ԱՊՀ-ն, մնացած բաները, ինչը եկավ, ասացինք՝ թող անցնի, Մաքսային Միությունն էլ ասում էինք, դուրներս չի գալիս, բայց թող անցնի, Եվրասիական միությունն էլ անցնի…
Ու արդյունքում սովորեցինք, դարձանք հարմարվող, կոնֆորմիզմ մտավ մեր մեջ: Մտածում էինք՝ այսպես կգնանք մինչեւ հրաշք լինի: Ու այս մի քանի օրը ցույց են տալիս, որ հրաշքը լինում է հրաշագործների միջոցով, այս երիտասարդները իսկապես հրաշագործ են, թափ տվեցին, թարմացրեցին, փոխեցին Հայաստանը, փոխեցին ոչ միայն աշխարհի աչքում, որը շատ կարեւոր է, փոխեցին նաեւ ինձ նման հուսահատված մարդկանց՝ աշխարհի տարբեր ծայրերում, հիմա բոլորը ոգեւորվել են: Լուսավորիչները դուրս եկան խավարասերների դեմ, ես շատ ուրախ եմ, որ նրանք կան ու մեզ հրավիրեցին խավարասերների դեմ պայքարելու, որ գործը ավարտված է, մենք հաղթել ենք, մնում է, որ ձեւակերպվի: Ես լավատես եմ, կարծում եմ, որ ադմինիստրացիան, նրանք ովքեր ունեն այդ լիազորությունները, մեզ եւ այս երիտասարդներին հիմք ընդունելով որպես մկաններ եւ ուժ, պետք է ասեն՝ լուծումը գտեք…Ինչպիսի՞ն է, ի՞նչ բանաձեւով, ով ում կհամոզի, գինը կիջեցնեն, թե շահագործողին կփոխեն, բանկրոտ կգնա, աճուրդ կհայտարարեն, նորին կտան, մի խոսքով՝ թող լինի: Կարեւորը մենք արդեն հաղթել ենք»:
Ազատ Արշակյանը հայտարարում է. «Մենք ուզում ենք ավելորդ ոչ մի բանի համար չվճարել, ավելորդ արյուն չթափել, ավելորդ քրտինք ու արցունք չթափել: Ես չեմ ուզում ինձ կողոպտեն, հայ ժողովրդին կողոպտե՞լ…ամենաանհաշվենկատ, միամիտ ժողովուրդը մենք եղանք, մեզ արհամարհելով կողոպտեցին: Երբ գալիս հավասար պայմաններ են առաջարկում ու ինձ հաղթում են, ցավալի է, բայց ես ասում եմ խաղացինք, ես պարտվեցի: Իսկ այս պարագայում թիկունքից եկել են, ես տանը չեմ եղել, ունեցվածքս տարել են… Ես համաձայն չեմ, ունեցվածքս չեմ տա…»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ