Հունիսի 23-ին արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ Երևանում կայացավ «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կանանց և տղամարդկանց հավասարության հարցում քաղաքացիական հասարակության ավանդը» խորագրով տարածաշրջանային սեմինար: Սեմինարին մասնակցեցին Ֆրանկոֆոնիայի անդամ վեց երկրների (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մակեդոնիա, Մոլդովա և Ռումինիա) ֆրանկոֆոնիայի պատասխանատուները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Սեմինարին բացման խոսքով հանդես եկան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Շանտալ Մորենոն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Ֆրանսիայի դեսպանության գործերի հավատարմատար, Հայաստանում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ներկայացուցիչ Նիկոլա Ֆայը:
Կանանց և տղամարդկանց հավասարության հարցերով ֆրանկոֆոն ցանցի համակարգող Նդիորո Նդիայի մասնակցությամբ անցկացված այս սեմինարը հասարակական կազմակերպությունների և կառավարությունների՝ Ֆրանկոֆոնիայի պատասխանատու ներկայացուցիչների միջև երկխոսության և փորձի փոխանակման հնարավորություն ընձեռեց:
Սեմինարի շրջանակներում քննարկվեցին կանանց նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների դեմ պայքարի, կանանց քաղաքական մասնակցության, կանանց տնտեսական անկախության ապահովման և կրթության ու վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Կարդացեք նաև
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոնշյալ ոլորտների վերաբերյալ ստեղծել տվյալների բազա, որի հիման վրա կիրականացվի պարբերական բնույթ կրող գնահատում:
ՀՀ ԱԳՆ