«Մեդիա կենտրոն», հունիսի 24, 2015 թ: Երեկ վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումը իրավապաշտպանները որակում են ոստիկանների կողմից ուժի անհամաչափ կիրառում և պատժիչ օպերացիա ցուցարարների նկատմամբ:
«Մեդիա կենտրոնում» այսօր այս թեմայի շուրջ քննարկմանը մասնակցում էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը, քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
«Ոստիկանության գործողությունները ուժի անհամաչափ կիրառում էր` ուղղված մարդկանց նկատմամբ, ովքեր խաղաղ ցույց էին իրականացնում: Մոտ 500 հոգի խաղաղ նստացույց էին անում, իսկ ոստիկանները, ներքին զորքերը ռետինե մահակներով, ջրցան մեքենաներով, մի ամբողջ զորախմբով մարդկանց դեմ էին դուրս եկել, և հետապնդում էին մինչև Ազատության հրապարակ: Իսկ այն վերաբերմունքը, որ եղավ լրագրողների նկատմամբ հատուկ էր, որովհետև նրանք էին բռնությունները արձանագրողները և դա ուղղված էր նրանց, որ այդ բռնությունները չարձանագրվեն»,-ասում է Արթուր Սաքունցը:
Նա հավելում է, որ ցուցարարներին բերման են ենթարկել, առանց իրավական հիմքերի պահել ոստիկանական բաժանմունքներում և առանց որևէ հիմքի ուղարկել ոմանց բժշկական փորձաքննության:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան՝ ժամը 05:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող և նստացույց իրականացնող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանությունը կիրառել էր բռնի ուժ և ջրցան մեքենաներով ազատել Բաղրամյան պողոտան: Ոստիկանները բերման էին ենթարկել շուրջ 237 ակտիվիստի, նրանից շատերը ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Մի քանի տասնյակ ցուցարարների տեղափոխել են բուժհաստատություններ, մի քանիսն անգամ հայտնվել են վերակենդանացման բաժանմունքներում:
Բռնություններից անմասն չէին մնացել որոշ լրագրողներ և օպերատորներ, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալել դեպքի վայրում:
Վարդան Հարությունյանն ասում է, որ ցանկացած ցույցի ժամանակ ցուցարարները միշտ դրսևորել են օրենքի նկատմամբ մեծագույն հարգանք:
«Երբեք ցուցարարների կողմից, անգամ մարտի 1-ին և դրանից հետո չեմ տեսել մասնակիցների կողմից որևէ անօրինական գործողոթյուն: Միշտ ներքին զորքերը մահակ են եղել իշխանության ձեռքին: Ոստիկանությունը չի ծառայում օրենքին և Սահմանադրությանը, նրանց վերածել են ուժի մահակի: Մարդիկ իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, ի՞նչ է նշանակում կիրառել ուժ խաղաղ ցուցարարների նկատմամբ»,-նշում է Հարությունյանը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը ասում է, որ բերման ենթարկվելուց հետո տուժածների համար կազմակերպվել է արդյունավետ իրավական պաշտպանություն:
«Մենք 4 ներկայացուցիչ ենք ունեցել ոստիկանության բաժանմունքներում, որոնցից 3-ը եղել են Երևանում, մեկը՝ Աշտարակի ոստիկանության բաժնում: Ուժի կիրառումը ոստիկանների կողմից անհամաչափ էր, ֆիզիկական վնասվածքներ ունեցող անձիք կային, ովքեր հենց բաժիններում են ստացել այդ վնասվածները: Կար մոտ 10 քաղաքացի, որոնք տեղափոխվել էին Երևանի ոստիկանությունից ուրիշ բաժիններ, բայց նրանց տեղափոխման մասին որևէ տեղեկատվություն և հիմնավորող փաստաթուղթ չկար: Հարց է առաջանում, թե ինչու՞ էին Երևան քաղաքի խաղաղ ցուցարարներին տեղափոխել Աշտարակի բաժին»,-ընդգծեց Հարությունյանը:
Նա հավելեց, որ այնուամենայնիվ ոստիկանների կողմից կիրառված ուժը իր նպատակին չծառայեց և պայքարի ոգին շարունակվում է:
Քննարկման մասնակից Աշոտ Մելիքյանն ասաց, որ հունիս 23-ի առավոտյան տեղի ունեցած բռնությունների հետևանքով 13 լրագրող և օպերատոր բռնության է ենթարկվել, խոչընդոտվել է 15 ԶԼՄ-ների ներկայացուցիչների լրագրողական աշխատանքը, ինչը «Քրեական օրենսգրքով» անթույլատրելի արարք է:
«Բերման ենթարկված լրագրողները որևէ խախտում չէին արել, որ հայտնվել էին բաժանմունքներում և հարցաքննվում էին: Քաղաքական վերնախավը պետք է այստեղ շատ լուրջ մտածի, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների նման հրճվի ու ուրախանա իր ոստիկաններով»,-ասում է Մելիքյանը:
Դանիել Իոաննիսյանն էլ հավելում է, որ սա պատժիչ օպերացիա է եղել ցուցարարների նկատմամբ:
«Մարդկանց հետապնդում էին Բաղրամյանից մինչև Ազատության հրապարակ և բերման ենթարկում տանում: Պատահական չի եղել նաև լրագրողների տեսախցիկները ջարդելը: Լրագրողների նկատմամբ բռնությունները կիրառվում էին հենց ոստիկանության գեներալների ներկայությամբ և լռությամբ»,-ասում է Իոաննիսյանը:
Նա ընդգծում է, որ ցուցարարների պայքարը «գանդիստական» ոճի էր:
«Մենք նստում ենք գետնին ու ասում ենք մենք ձեզ չենք կպնում, դուք մեզ կարող եք ծեծել, տանել բաժիններ, ուղարկել վերակենդանացման բաժանմունքներ, բայց միևնույն է Բաղրամյան փողոցը փակ կլինի և ցուցարարները այս առումով հաղթեցին»,-հավելեց Իոաննիսյանը:
Մամլո հաղորդագրություն