«Այս երիտասարդները ծնվել են այն տարիներին, երբ նրանց ծնողները ազատագրում էին Ղարաբաղը: Մեկ-մեկ դրանց ասում են խավար ու մութ տարիներ: Պարզվում է, որ այդ խավար ու մութ կոչված տարիներին շատ լուսասեր սերունդ է առաջացել եւ ծնվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը:
Նա հայտարարեց՝ ազատասեր ծնողներից ծնվել են ազատասեր երեխաներ: Ազատ Արշակյանը համարում է, որ հայ ժողովուրդը եւս մեկ առիթ ունի հպարտանալու համար. ոչ միայն ազատագրվեց հայրենիքը, այլ նաեւ այսպիսի սերունդ ծնվեց: «Այս հաղթանակները հաղթանակների ցանկի մեջ պետք է գրվեն: Սրանք նույնպես հաղթանակ են, հաճելի անակնկալ բոլոր ծնողների համար եւ իհարկե՝ երիտասարդ մարդկանց համար: Նրանք չեն հանձնվի, կարեւոր չէ՝ 100 դրամ լինի, 200, 10 ցենտ, 20 ցենտ, 1 ցենտ, դա չէ կարեւորը: Դա տեխնիկայի հարց է, դա մեր ադմինիստրացիայի եւ մեր իշխանական համակարգի հնարամտության հարցն է: Թե ինչպես են անելու՝ դա այդ մարդկանց չի հետաքրքրում»,- ասաց Ազատ Արշակյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ