Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Նաղդալյան. «Չասեմ  «հաղթանակ» կամ «պարտություն», քանի որ չեմ սիրում ամեն բան սև ու սպիտակի մեջ դիտել,  բայց սա իսկապես նվաճում էր»

Հունիս 24,2015 15:53

Այսօր արդեն կարող ենք խոստովանել, որ շատերս համակերպվել էինք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում նախ մոնիտորինգի հանձնաժողովում, ապա լիագումար նիստում Ադրբեջանին առնչվող զեկույցը քննարկվելու է, մի քանի մեղադրանքներ են հնչելու ժողովրդավարության վիճակի, ազատությունների ոտնահարման, բռնաճնշումների ու բռնությունների, լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ազատ աշխատանքների արգելակման մասին, բայց ամենակարևորը զեկույցում սևը սպիտակի վրա արձանագրվելու է ՛՛Ադրբեջանի տարածքի և յոթ շրջանների օկուպացիան՛ ու հետո Բաքուն, ինչպես ՄԱԿ-ի ԱԽ անցյալ դարում ընդունված բանաձևերը, թաշկինակ է դարձնելու ու անվերջ արցունքներ է քամելու ՛՛ագրեսոր՛՛ Հայաստանի առաջ իր անզորության ու միջազգային հանրության անգործունակության թեմայով, որին մնում է հակադրել միայն հարցի լուծման ռազմական ճանապարհը: Ամեն ինչ գնում էր հենց այդ ճանապարհով: Բաքվին հաջողվել էր մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Պեդրո Ագրամունդի ու Թադեուշ Իվինսկու ձեռամբ հասնել իր նպատակին: Առանձնապես մեծ չէին սպասելիքները և ԵԽԽՎ-ում իրավիճակ շրջելու հնարավորությունից: Շանսերը իսկապես չնչին էին, երբ սկսում ես կոնկրետ հաշվել, թե Թուրքիա-Ադրբեջան տանդեմը մուսուլմանական ու մուսուլմանամետ երկրների պատվիրակների հաշվով ինչքան ձայներ ունի Հայաստանի պատվիրակության ութ ձայնի դիմաց, առավելևս, որ եվրոպացիներն էլ սիրում են ՛՛արևելյան հյուրասիրության՛՛ հմայքներից օգտվելը լիուլի:

Երեկ ԵԽԽՎ մոնիտորինգի նիստում զեկույցից հանվեց հայտնի կետը, բայց դա ստեղծեց առավել վտանգավոր վիճակ, որովհետև Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարեց տոտալ մոբիլիզացիա և երեկոյան լիագումար նիստում զեկույցի քննարկման ժամանակ արդեն ռևանշի հասնելու ու հանված կետը վերականգնելու համաադրբեջանական ջանքեր գործադրվեցին ոչ միայն Ստրասբուրգում, այլև որտեղ ու ինչպես ինչ հնարավոր էր: Երեկոյան նիստում, սակայն, ի զարմանս Բաքվի, պատկերը չփոխվեց, ավելին՝ հնչեցին ելույթներ, որոնք մեղադրում էին Ադրբեջանին ժողովրդավարական արժեքներից նահանջը մի հարցի հետ կապելու համար, որը խնդրո առարկային ընդհանրապես չի վերաբերում: Դա ֆիասկո էր: Լիակատար ֆիասկո՝ հաշվի առնելով գործադրած վիթխարի ջանքերը, ծախսած գումարները ու ընդհանրապես քաղաքական-բարոյական իմիջին հասցված վնասը:

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, սակայն, առանձնապես զարմացած չէր ստացված արդյունքից, նա գիտեր՝ ինչ ծավալուն ու ֆիլիգրան աշխատանքի արդյունք է եղել այդ պատկերը.

«Իրատես դե ֆակտո» կայքի հետ ունեցած հարցազրույցում, անդրադառնալով ԵԽԽՎ-ում երեկ տեղի ունեցած իրադարձություններին, Հերմինե Նաղդալյանը նշել է հետևյալը.

 

-Զեկույցը վերաբերում էր Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքին, քաղաքացիական հասարակության, մամուլի վիճակին, ու դա էր զեկույցի բուն նպատակը: Բայց ադրբեջանցիները մտածել էին զեկույցը օգտագործել երկու նպատակներով, նախ՝ նոր թեմա ստեղծել, ԵԽԽՎ-ի համար առավել թեժ ու առավել հետաքրքիր, որը ինքնին ուշադրությունը կշեղի զեկույցի բուն թեմայից ու իրենց երկրում ստեղծված խայտառակ իրավիճակից, և երկրորդ՝ այդքան փող են ծախսել, այդքան ջանքեր են գործադրել, այնպես անել, որ դա օգտակար դառնա Լեռնային Ղարաբաղի խնդրի ադրբեջանանպաստ լուծմանը: ՛՛Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների օկուպացիա՛՛ ձևակերպում երբևէ չի եղել, դա դիտվելու էր մեծ նվաճում: 2005-ին ընդունված 1416 բանաձևում արձանագրված ՛՛օկուպացիա՛՛ բառից 10 տարում արդեն հնարավորը քամել էին և 10 տարի հետո ուզում էին հաջորդ քայլն անել: Փաստորեն՝ ժողովրդավարության վիճակի մասին զեկույցում ինչ էլ գրված լիներ, հետագայում ադրբեջանական քարոզչությունն առանձնացնելու էր այդ մեկ կետը և մնացածը բարեհաջող մոռացության էր մատնվելու: Իրենց լոբբիստների հետ պայմանավորվածությունը դա էլ եղել էր՝ ինչ գրում եք՝ գրեք, բայց անպայման այդ մի կետը պարտադիր պիտի լինի, որով Բաքուն իրեն լիովին բավարարված կզգա: ԵԽԽՎ պատվիրակները, սակայն, լիագումար նիստում իրենց ելույթներում չընդունեցին այդ տեսակետը, նրանք մեղադրում էին քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների, լրատվամիջոցների վիճակի համար և հենց այդ խնդիրներն էին բարձրացնում: Նրանք ընդունում էին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարևոր է, բայց արդյո՞ք այդ խնդրի մասին խոսելու տեղը ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին քննարկումն է և շեշտում էին, որ բացարձակապես անթույլատրելի է կոնֆլիկտն օգտագործել ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ձախողման մասին խոսելիս, առավելևս պատճառաբանել ձախողումը այդ հարցով: Մենք հասանք նրան, որ ԵԽԽՎ չընդունեց ադրբեջանցիների ՛՛պատվիրած՛՛ ձևակերպումը, այլ արձանագրվեց «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ» ընդունելի և բանակցային գործընթացում կիրառվող բառապաշարին հարիր արտահայտությունը: Չասեմ ՛՛հաղթանակ՛՛ կամ ՛՛պարտություն՛՛, որովհետև չեմ սիրում ամեն ինչ սև ու սպիտակի մեջ տեսնել ու բարձրագոչ բառեր ասել, բայց սա իսկապես նվաճում էր, որ արդյունք էր ամբողջ պատվիրակության մեծ աշխատանքի: Կուլիսային, անհատական, տևական աշխատանքի, մեկ առ մեկ զրուցել եմ պատվիրակությունների անդամների, քաղաքական խմբերի, հանձնաժողովների անդամների հետ: Շատերը չեն տեսել ու չեն պատկերացնում ԵԽԽՎ շենքը, որ դասական քառակուսի է, տասն անգամ պտտվել եմ այդ քառակուսու շուրջ և իսկապես գոհ եմ, որ այսքան ջանքերն ու մանրակրկիտ, անհատական աշխատանքը արդյունք տվեց: Իվերջո, բոլորն էլ լավ հասկանում են ստեղծված վիճակը և գիտեն՝ ով ով է ու ինչն ինչոց է, բայց միշտ չէ, որ իրերն ու երևույթները իրենց անուններն են ստանում,-ասել է ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ի պատասխան միակ հարցի՝ «Ինչպե՞ս ստացվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930