«Այս գործն այնքան ձայն է հանել, որ ամբողջ հայ ժողովուրդը գիտի, թե ինձ հետ ինչ են արել»,- լրագրողների հետ խոսելով օֆշորի գործի մասին՝ ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը:
Նա հայտարարեց, որ դատարանում անպայման միջնորդելու է, որ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Այրարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը ներկայանան դատարան. «Այս ամբողջ գործունեության հիմքում ընկած է իրենց հաշիվների վրա իմ ամբողջ ունեցվածքը, այդ գումարներով ոսկի են առե՞լ, ապրանք են առե՞լ, ի՞նչ են արել, ես չգիտեմ: Եթե սա չի ապացուցվելու, ես ասելու ոչինչ չունեմ, ես զոռով ոչինչ չեմ կարող, ես օրենքի սահմաններում մարդ եմ, ապրել եմ օրենքներով: Ես հասարակ այնպիսի մարդկանցից չեմ, ես Հայաստանի Հանրապետության մեջ ստացել եմ մեծ հնարավորություններ, ես 10 հազար բանվորի աշխատացրել եմ, ես մեծ գործեր եմ կատարել հայ ժողովրդի համար: Ես սովորական Հայրապետյան չեմ, ես Հայրապետյան եմ, որին պետք է ցույց տալ»:
Փայլակ Հայրապետյանը համարում է, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը պետք է անպայման պատասխանատվության ենթարկվի ոչ միայն իրեն վնաս հասցնելու համար, այլեւ՝ 10 հազար բանվորի եւ 350 երեխաների համար, որոնք պետք է ուսում ստանային:
«Սարգսյանը եղել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի քանդողը, հետո էլ՝ Հայաստանի Հանրապետության քանդողը»,- հայտարարեց գործարարը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ