Հունիսի 13-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումներից հետո ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին ասացինք` Ադրբեջանում ձերբակալվել են բազմաթիվ օլիգարխներ, ովքեր իշխանությանը մոտ էին կանգնած, ինչպե՞ս հանկարծ պարզվեց, որ նրանք գանձագողեր եւ խաբեբաներ են:
Նա ասաց . «Պրուդոնը հայտնի ասույթ ունի` ցանկացած սեփականություն գողություն է: Խորհրդային շրջանից հետո չկար մեծ ունեցվածք, մեծ սեփականություն, մեծ կապիտալ: Այժմ պարզվում է, որ մեր մոտ պատմական շատ կարճ ժամանակաշրջանում հայտնվել են մեծ թվով միլիարդատերեր, մուլտիմիլիոնատերեր: Որտեղի՞ց նրանք հայտնվեցին: Նրանք գուցե ինչ-որ բա՞ն հայտնագործեցին, ինովացիոն արտադրանքով ներխուժեցին համաշխարհային շուկա, եւ հանկարծ ամբողջ աշխարհը հարձակվեց այն գնելու: Նման բան չկա: Նրանք պարզապես խորամանկ, անխիղճ մարդիկ դուրս եկան, ովքեր շատ կարճ ժամանակում սեփականաշնորհեցին այն, ինչ նախկինում կոչվում էր համաժողովրդական սեփականություն: Ահա այդ մարդիկ հանկարծ դարձան օրինական միլիոնատերեր: Ինչի՞ շնորհիվ նրանք հանկարծ հարուստներ դարձան, որովհետեւ նրանք իշխանության մեջ էին կամ իշխանության կողքին:
Հիմա, երբ նավթի գինը ընկել է, փողերը քչացել, երբ նախկինի նման առանց մտածելու փողեր ծախսելն անհնար է, իսկ մարդիկ սովոր էին նման կերպ ծախսել, նրանք կանգնած են երկմտանքի առաջ` կամ կրճատել ծախսերը կամ ավելացնել եկամուտները: Նավթից եկամուտներն ավելացնել անհնար է, սեփական ծախսերը կրճատելն անհնար է: Նրանք հարկադրված են կրճատել ուրիշների ծախսերը: Իսկ դրանք իրենց մերձավոր մարդիկ են: Պարզվում է, որ մեր օլիգարխները, հաջողակ գործարարները ովքե՞ր էին`տարրական գողեր: Նրանք բանկերից վարկեր էին վերցնում եւ չէին վերադարձնում: Գնում էին թանկ ավտոմեքենաներ, իրենց եւ իրենց սիրուհիների, ընտանիքների, երեխաների, թոռների համար կառուցում վիլլաներ, շրջում էին ամբողջ աշխարհում, հիմնում էին անտաղանդ բանկեր, ֆիրմաներ, ստեղծում էին ոչ մեկին պետք չեկող ծրագրեր, ինչպես` «Կասպիական կղզիները», 1 միլիարդ 200 միլիոն ներդնում այնտեղ բարձրահարկ շենքերի կառուցման, էքսկուրսիաների եւ նման հիմարությունների համար: Պարզվեց, որ նրանք ամենեւին էլ գործարարներ չեն, այլ` ուղղակի պրովինցիալ գողեր, որոնք կպել էին իշխանությանը եւ ժողովրդից գողանում են:
Երբ դա պարզվեց եւ պարզվեց, որ բյուջեն ճրճրթում է, ավելորդ փողեր չկան, որ առջեւում խնայողության ծանր օրեր, տարիներ են, այդ ժամանակ նախագահն ասաց, որ այդ պայթած գողերին պետք է իրենց տեղը դնել: Նրանց ձերբակալեցին, ոմանց ծեծեցին, ոմանց վախեցրին եւ հարկադրեցին վերադարձնել այն վարկերը, որ նրանք վերցրել էին: Իսկ վարկերը 700, 400, 120 միլիոն էին, 80 միլիոն: Նրանք, ովքեր վերադարձրին, ինչ-որ կերպ կարողացան վերադարձնել, ազատեցին, իսկ ով չվերադարձրեց, նստած է»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ