Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 24-ին դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ պետք է սկսվեր «օֆշորի գործով» առաջին դատական նիստը:
Նիստին ներկա չէին տուժող Վարդան Հայրապետյանը, ամբաստանյալի պաշտպան Յուրի Խաչատրյանը եւ չորս վկա: Փայլակ Հայրապետյանը դատարանին տեղեկացրեց, որ տղան հաշմանդամ է եւ չի կարող ներկայանալ դատարան: Վլադիմիր Գրիգորյանն ասաց, որ Վարդան Հայրապետյանը դատարանին դիմում ուղղի, դատարանն այդ հարցը կքննարկի:
Հարցին, թե ինչո՞ւ ներկա չէ ամբաստանյալի պաշտպան Յուրի Խ՚աչատրյանը, Աշոտ Սուքիասյանը պատասխանեց, որ մինչեւ հուլիսի 8-ը նա բացակայելու է հանրապետությունից, եւ պետք է, որ դատարանին տեղյակ պահած լիներ: Սակայն դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը պաշտպանից պաշտոնական ոչ մի փաստաթուղթ չի ստացել:
Դատախազ Դավիթ Վելիքյանը հայտարարեց, որ տուժող Վարդան Հայրապետյանի բացակայությունը դատական նիստի համար խոչընդոտ չպետք է հանդիսանա, իսկ ամբաստանյալի պաշտպանի բացակայության դեպքում նա կողմ էր հետաձգել դատական նիստը: Իսկ ամբաստանյալը դեմ չէր, որ դատական նիստն առանց իր պաշտպանի սկսվի:
Կարդացեք նաև
Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հայտարարեց, որ նիստը չի կայանա, որպեսզի ամբաստանյալի պաշտպանը ներկա գտնվի եւ այդպիսով չոտնահարվի դատավարության կողմերի իրավունքները: Դատական նիստը նշանակվեց հուլիսի 9-ին:
Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Սուքիասյանը խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ