Այսօր «Նյութ» ակումբում դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասին խոսելիս անդրադարձավ երեկվա դեպքերին, երբ քաղաքացիները վանկարկում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունը եւ հորդորում հեռանալ:
Սերգեյ Դանիելյանի խոսքերով՝ դա տեղին չէր, քանի որ ճիշտ պահը չէր եւ ճիշտ օրը չէր. «Գիտեք ինչ, հիմա ես էլ կարող եմ հայտնվել Աշոտյանի կարգավիճակում: Հուսամ, որ ես այդքան վատ բան չեմ արել, ոնց որ մեր իշխանավորները: Դա իմ կարծիքն է, հասկանում եմ լրիվ, ընդունում եմ, որ ոչ միայն Աշոտյանին կարելի է հայհոյել: Դա ունի օբյեկտիվ պատճառներ, բայց դա այդ տեղը չի եւ Աշոտյանի խնդիրը չի: Հալալ երիտասարդները կզոհվեն կգնան, տեղը կգա մի հատ գաղջ մասսա, որը միշտ գալիս է հեղափոխություններից հետո»:
Ըստ Սերգեյ Դանիելյանի, ոչ մի հեղափոխությունից հետո մարդիկ լավ չեն ապրում. «Ես հեղափոխական չեմ, ախպեր: Երեկ գնացել կանգնել էի ոստիկանների եւ ցուցարարների մեջտեղը, հետո հասկացա, որ ոստիկաններն էլ առանձնապես էսօր չեն ուզում մեզ ծեծեն ու եկա տուն: Հիմա վաղը ուզենան՝ կծեծեն: Դա էլ իրենց ֆունկցիան է, իրենց ճիշտ հասկացեք: Ոչ մի ժողովուրդ իր ոստիկանությունով չի երդվում»:
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին, հարցին՝ տեղի՞ն էր նրա գնալը ակցիային՝ Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ, թողեցի՞ն, որ մարդը խոսի, կարող է ինչ-որ բան էր ասում: Եթե նա խոսեր լսեինք, հետո այդ բառերը հնչեցնեինք, միգուցե ավելի ճիշտ կլիներ: Ես չգիտեմ, ձեզ թվում է` ես Տիգրան Կարապետյանն եմ, սաղ գիտեմ, հա՞, որ լյուբոյ հարցով հազամ ու խոսեմ: Ինձ թվում է, համենայնդեպս, դա Աշոտյանի պատմությունը չէր այնտեղ, որ իզուր տեղը եկավ, իզուր տեղը շեղվեցինք»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է կենդանի պատ ստեղծելու գաղափարին, նա ասաց, որ ոստիկանները, միեւնույն է, այդ օրը ոչինչ չէին ձեռնարկելու, եթե անելու լինեին, նրանց վրայով էլ կանցնեին. «Ո՞ր երկրում չեն անցել, որ: Ձեզ թվում է, որ մենք բարուր երեխեքին վեկալենք գնանք իրանց շթերի դեմ, չե՞ն խփելու: Խփելու են, էն էլ ոնց: Կարող է չուզելով խփեն, բայց կխփեն, դա իրենց գործն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ