Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական պարային խումբը Ցեղասպանության մասին ներկայացում է բեմադրել

Հունիս 24,2015 14:02

Այսօր՝ հունիսի 24-ին, Փոքր թատրոնում հրավիրված ասուլիսը նվիրված էր ներառական նոր ներկայացման բեմադրությանը: Բրիտանական խորհրդի «Պար՝ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Փոքր թատրոնը` Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբի հետ համատեղ, բեմադրել է նոր ներկայացում, որի պրեմիերան կկայանա աշնանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը և Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը և դերասան Ջեմայմա Հոադլին ներկայացրին հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խմբի նոր բեմադրությունը: Վերջինիս բեմադրող ռեժիսորն է Ջեմայմա Հոադլին, գեղարվեստական խորհրդականն է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը: Ներկայացման կազմում ներգրավված են Փոքր թատրոնի եւ հաշմանդամություն ունեցող դերասանները, որոնք ներգրավված էին նաեւ Փոքր թատրոնի նախորդ՝ «Մի լքիր ինձ» ներկայացման կազմում:

Արևիկ Սարիբեկյանը հայտնեց, որ «Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը եւ մշակույթի նախարարությունը: Նա հրաշալի ճամփորդություն որակեց Կանդուկոյի հետ համագործակցությունը: «Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում կարողացանք ձեռքբերումներ ունենալ, թիմի չորս անդամների ուղարկեցինք Մեծ Բրիտանիա, որոնք վերապատրաստվեցին ու վերադարձան: Ուրախ եմ, որ «Մի լքիր ինձ» ներկայացումը սիրվեց հանդիսատեսի կողմից: Կարծում են, որ մարդիկ, անկախ սահմանափակումներից, պետք է անպայման իրականացնեն իրենց երազանքները»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը:

Վահան Բադալյանը հուզված էր, որ առաջին ներկայացումը մեծ արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում, ասաց լեփ-լեցուն դահլիճներ են մշտապես ունենում: «Հիմա ավելի պատասխանատու քայլերից մեկն է, սեպտեմբերին էլ կկայանա նոր ներկայացման պրեմիերան: Ներկայացումը կառնչվի ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, այդ թեմայի շուրջ է»,- հավելեց Վահան Բադալյանը՝ շնորհակալություն հայտնելով բրիտանացի արտիստներին:

«Կանդուկո» ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը տեղեկացրեց, որ 25 տարվա ընթացքում «Կանդուկոն» 25 պարային ներկայացումներ է ունեցել, 6000-7000 հոգու համար պարային ներկայացումներ են կազմակերպել տարբեր երկրներում: Նրա խոսքով, օրական իրենց կայք 70 000 մարդ է այցելում: Ինչ վերաբերում է հայաստանյան ներկայացմանը, Սթինա Նիլսոնի խոսքով. «Յուրահատուկ է, աշխարհի ոչ մի երկրում չի եղել»:

Ջեմայմա Հոադլին շեշտեց, որ հպարտ է աշխատել «Կանդուկոյի» հետ ու նման հետաքրքիր ծրագրերի իրականացման հրավեր ստանալ: Նա համույթի հետ առաջին անգամ առնչվել է որպես պարող 16 տարի առաջ, իսկ հիմա իրենց արվեստագետներից մեկն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութերն ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930