Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Սերժ Սարգսյանի՝ ցուցարարներին հանդիպման կանչելու իմաստը չի տեսնում:
«Երիտասարդները մերժել են, որովհետեւ ասում են՝ այն, ինչ ասում ենք, արդեն ասել ենք: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն արդեն գիտի ցուցարարների պահանջի մասին, հետեւաբար ինձ համար հասկանալի չէ հանդիպման առաջարկը, եւ ճիշտ հակառակը՝ հասկանալի է երիտասարդների մերժումը»,- Aravot.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ տարբեր պահանջներով բոլոր հանդիպումները ավարտվում են նույն սցենարով, պայքարը փլուզվում է, արդյոք այդ մտավախությո՞ւնը հետ պահեց երիտասարդներին հանդիպումից, ասաց «Երիտասարդները հենց դրա համար էլ վախենում են, զգուշանում: Առաջարկն արվել է այն ձեւով, որ հասկանալի չէ, դրա համար էլ ակտիվիստները մտածում են, որ դրա հետեւում ինչ –որ բան կա, որը վտանգավոր է, որը կարող է տանել նույն տրորված ճանապարհով, ինչ ճանապարհով գնացել են մյուսները»:
Մեր հարցին համամի՞տ եք, որ մինչեւ պայքարը չքաղաքականացվի, հաղթանակ չեն ունենա, ասաց. «Եվ քաղաքական եւ քաղաքացիական պայքարներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Քաղաքացիականն ավելի ներառական է լինում, տարբեր շերտերի է ներառում, շատ ավելի թեթեւ խնդիրներ է դնում, որոնք ավելի հեշտ լուծելի են, քան քաղաքական խնդիրները: Այս երիտասարդները չեն ուզում քաղաքականացնել պայքարը, որովհետեւ վախենում են խնդրի ծանրությունից: Իրենք գիտեն՝ քաղաքականացման դեպքում կարող է էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը երկրորդական պլանում հայտնվի եւ առաջնայինը դառնա իշխանափոխության հարցը»;
Կարդացեք նաև
Պայքարի հանգուցալուծումը, ըստ պարոն Սաֆարյանի, հաղթանակն է: Մեր դիտարկմանը, իսկ այս հարցում ՀՀ իշխանություններն են որոշողը, թե՞ Ռուսաստանը, ասաց. «Ժողովուրդը լավ գիտի՝ սա հեշտ լուծվող խնդիր չէ, բայց նրանք հետեւողական են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ