Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Ոստիկանության ղեկավարությունը պետք է պատժի այդ դուրսպրծուկներին» (Տեսանյութ)

Հունիս 24,2015 12:11

«Հայաստանում, ինչպես ասում են, հարթ տեղում, ծագեց քաղաքացիական ընդվզում, որն իր ինքնաբուխ լինելու նախադեպը չուներ»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն`անդրադառնալով վերջին երկու օրերի ընթացքում հանրապետությունում, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ծավալված պայքարին:

Այս ընդվզումը, ըստ քաղաքագետի, ցույց տվեց մի քանի բան, որոնցից ամենակարեւորն այն է, որ իշխանությունը ֆունկցիոնալ առումով գործունակ չէ: «Իշխանությունը չի զգում, չի հասկանում, չի ուզում հասկանալ թե ի՞նչ է ուզում հասարակությունը: Հասկանալուց էլ` չի ուզում սպասարկել հանրության շահը: Նույնը կարելի է ասել քաղաքական դաշտի ամենամեծ սեգմենտի մասին`չնչին, եզակի բացառություններով»,- կարծում է քաղաքագետը` հավելելով, որ դա հասկանում են նաեւ քաղաքացիները եւ հասկանում են, որ չկա այլ ճանապարհ, քան սեփական ճակատագիրը սեփական ձեռքը վերցնելը:

Ռուբեն Մեհրաբյանը ցավում է, որ ՀՀ իշխանությունը նույնիսկ չկարողացավ ռուսական ընկերության հետ իր հակասություններում գրագետ ձեւով օգտագործել հանրային դժգոհության գործոնը`թեկուզ սեփական շահից ելնելով. «Իշխանությունը կանգնած է ցուգցվանգի առջեւ`քայլ չանել չի կարող, բայց նաեւ ցանկացած տեսականորեն հնարավոր քայլ, էլ ավելի է գցելու իշխանության վարկն ու թուլացնելու դիրքը»:

Նա խիստ դատապարտեց ոստիկանության գործելակերպը նախօրեին, լուսադեմին, երբ գործադրվեց անհամաչափ ուժ, իսկ որոշ առանձին անհատներ, ըստ նրա, ուղղակի սադիզմ դրսեւորեցին, ուժ գործադրվեց լրագրողների նկատմամբ՝ հատուկ թիրախավորված էին ուղիղ եթերի սարքերը, հատուկ չարություն կար լրագրողների նկատմամբ, ոմանց ուղղակի ծեծեցին. «Ոստիկանության ղեկավարությունը պետք է պատժի այդ դուրսպրծուկներին, նրանք ոստիկանությունում անելիք չունեն: Ոստիկանությունն, այսքան բարեփոխումների մասին խոսելուց հետո, ցույց տվեց, որ գործելակերպը նույնն է մնացել, բարեփոխումը միայն արտաքնապես է եղել: Մյուս կողմից անարդար կլինի ոստիկանությունից իդեալականություն պահանջել, երբ ընդվզման պատճառը զուտ տնտեսական որոշումն էր ու մենք տեսանք ուղղակի սյուրռեալիստական պատկեր`չկա վարչապետ, էներգետիկայի ոլորտի պատասխանատու, կառավարության աշխատակազմ, իսկ Ռոբերտ Նազարյանը վերածվել է անտառում թաքնված բելառուսական պարտիզանի: Այդ ֆոնին Երեւանի փոխոստիկանապետը մի ամբողջ գիշեր բանավեճի մեջ էր մտնում քաղաքացիների հետ`օրենքի եւ այլնի մասին: Իշխանությունը ոստիկանությանը դրեց հարվածի տակ`իր անգործունակությունը քողարկելու համար: Ես ուզում եմ հույս ունենալ, որ այս ոգով հետեւություններ արվել են: Հույսս անհիմն չէ, ինչի վկայությունն անցած խաղաղ գիշերն էր»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ ակցիան անկազմակերպ բնույթ ունի, ինչը հիասթափությունների առիթ է տալիս, բանախոսն արձագանքեց. «Սա ինքնաբուխ ակցիա է, այստեղ չկա հիերարխիա եւ այս ամենից սպասելիքները պետք է իրողություններին համապատասխանեցվեն: Ի տարբերություն նախորդ գիշերվա, այս անգամ արդեն որոշ պատգամավորներ, իբրեւ անհատներ, միացան ցուցարարներին`փորձելով ներդրում ունենալ հարցի կոնստրուկտիվ հուն տեղափոխելուն: Սրանից ոչ պետք է հիասթափվել, ոչ հիանալ»:

Քաղաքագետը կարծում է, որ հարցը համալիր լուծում պիտի ստանա`չեղարկվի այս արատավոր որոշումը, ռուսական ընկերությունն իր գույքով պիտի փակի պարտքն ու հեռանա Հայաստանից, նոր մրցույթ պիտի հայտարարվի եւ հաղթի գրագետ մենեջմենթի ունակություն ունեցող ընկերությունը: «ՀՀ իշխանությունը պիտի հասկանա, որ ժամանակն է էներգետիկ ոլորտն ամբողջությամբ բարեփոխվելու: Այն քաղաքական բաղադրիչ ունի եւ Հայաստանը չի կարող գերի դառնալ ռուս մոնոպոլիստներին: Ռուսական կոռուպցիոն համակարգը ժանգի պես ներծծվել է Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանք`ՀՀ իշխանությունների թողտվությամբ: Հասարակությունը պետք է իր վրա վերցնի Ռոբինզոն Կռուզոյի դերը եւ Ուրբաթին` իշխանությանը բացատի, որ մարդ ուտել չի կարելի»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, պայքարը պետք է քաղաքականացնել`սահմանադրական բոլոր միջոցներով:

Մեր հարցին`ինչպե՞ս բնութագրել ընդդիմադիր քաղաքական ուժերի պասիվությունը, քաղաքագետը հակադարձեց. «Ի՞նչ իրավունքով են կանգնելու, եթե քվեարկել են ԵԱՏՄ-ի օգտին»:

Անդրադառնալով ռուսական մամուլի արձագանքներին այս իրադարձություններին, բանախոսն ասաց, որ դրանք լավագույնս կմեկնաբանեն հոգեբույժները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930