Հունիսի 23-ի առավոտյան Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից կոպտորեն ցրեց խաղաղ ցուցարարներին, ովքեր նստացույց էին կազմակերպել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Ոստիկանները ջրցան մեքենաներով շարժվեցին ցուցարարների դեմ ժամը 5.30-ի սահմաններում և սկսեցին տապալել նրանց: Դրանից հետո ոստիկանները սկսեցին տարբեր կողմերից հրել նստացույցի մասնակիցներին և բռնի ուժով տեղահանել:
Ցուցարարների նկատմամբ կիրառված այս անտեղի և ոչ համարժեք ուժը հստակ կամայականություն է խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ, որը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով:
Ոստիկանների կողմից իրականացված չարաշահումները հաստատվում են բազմաթիվ տեսանյութերով, որոնք տեղադրվել են համացանցում և ցույց են տալիս, թե ինչպես են նրանք հարվածում, հետապնդում և հաճախ էլ քարշ տալիս խաղաղ ցուցարարներին: Լրագրողները ևս հարձակման են ենթարկվել, նրանց տեսախցիկները ջարդվել են` չնայած հայտարարում էին ոստիկաններին իրենց մասնագիտական պարտականությունների կատարման մասին:
Պաշտոնական տվյալների համաձայն` 237 անձ Երևանում, Աբովյանում և Աշտարակում ձերբակալված է եղել, իսկ հետագայում ազատ է արձակվել: Տասնյակ անձիք ստացել են մարմնական վնասվածքներ:
Տեղեկատվություն է տարածվել նաև անհայտ ոստիկանների կողմից առանց պատշաճ ներկայացուցչի (փաստաբանի) հարցաքննված ակտիվիստների և կատարվածը «խուլիգանություն» որակելու վերաբերյալ:
Այսպիսի անօրինական հարցաքննությունը չի կարող ճանաչվել որպես պատշաճ քննություն: Բացի այդ, ցուցարարների ճնշող մեծամասնությունը իրապես խաղաղ էր, և այն հայտարարությունը, որ նրանք դատապարտվելու են խուլիգանության համար, զուրկ է իրավական և փաստական հիմքերից: Բացի այդ, տեղյակ ենք, որ ակտիվիստները առանց բավարար հիմքերի և ենթարկվում են փորձաքննության` թմրանյութի և ալկոհոլի առկայությունը ստուգելու նպատակով:
ԸԻԿ-ը խիստ դատապարտում է ոստիկանների ծայրահեղ չարաշահումները` ի պատասխան քաղաքացիների խաղաղ անհամաձայնությանը:
Մենք կոչ ենք անում պաշտոնատար անձանց երաշխավորել, որ ցույցի խաղաղ մասնակիցները չեն ենթարկվելու հետապնդումների: Հավաքների ազատության իրենց իրավունքի և քաղաքացիական անհամաձայնությունն արտահայտելու համար ձերբակալված անձանց մենք համարում են «խղճի դատապարտյալներ»:
Մենք նաև կոչ ենք անում պետական մարմիններին` իրականացնել պատշաճ քննություն ոստիկանների կողմից իրենց իշխանությունը գերազանցելու դեպքերի նկատմամբ և պատասխանատվության ենթարկել նրանց:
ԸԻԿ