Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյան. «Նման հարցերը փողոցում չեն լուծվում». «Հայոց աշխարհ»

Հունիս 24,2015 11:46

Երեքշաբթի օրը՝ լուսադեմին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետները, ի պատասխան «Հայոց Աշխարհ»-ի հարցերի, ներկայացնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՄԻԱԿ կուսակցության առաջնորդ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

-Մեծ հարգանք եւ անկեղծ համակրանք ունենալով մեր քաղաքացիների՝ երիտասարդ ակտիվիստների հանդեպ, որոնք հայտնում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնում այս կամ այն անարդարության դեմ, ցավով պետք է նշեմ, որ հերթական անգամ ականատես եղանք վատ նախադեպի։

Բողոքի ակցիան, արդարացի լինելով հանդերձ, սխալ ուղղությամբ գնաց՝ սխալ մարտավարության եւ սխալ ռազմավարության հետեւանքով տեղափոխվեց ուժային դաշտ, որտեղ ոստիկանությունը ե՛ւ ավելի ուժեղ է, ե՛ւ օրենքի տեսակետից ավելի անխոցելի, որովհետեւ ոստիկանության պահանջը՝ ազատել Բաղրամյան պողոտան եւ նստացույցը շարունակել Ազատության հրապարակում կամ մայրաքաղաքի որեւէ այլ՝ պակաս բանուկ հատվածում, ի վերջո, օրինական էր։

Տեղի ունեցածը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ բողոքի զանգվածային ակցիաների կազմակերպիչները պետք է շատ հստակ պատկերացնեն իրենց քայլերի հաջորդականությունը՝ լրջորեն ծանրութեթեւ անեն, կշռադատեն ու մանրակրկիտ նախապատրաստեն իրենց անելիքները, հետո դիմեն ինչ-որ գործողությունների, ոչ թե առաջին, երկրորդ քայլը անեն, չիմանալով՝ երրորդ, չորրորդ քայլը որն է լինելու։

   -Ականատեսների ասելով՝ ոստիկանական ուժերը չափից ավելի ջանադրություն են դրսեւորել ցուցարարներին հետապնդելու, շրջակա շենքերի մուտքերում թաքնված երիտասարդներին հայտնաբերելու եւ բերման ենթարկելու հարցում։ Նկատի ունենալով, որ ցույցը խաղաղ էր՝ ակտիվիստները ո՛չ զինված էին, ո՛չ քարեր էին նետում ոստիկանության վրա, ո՛չ մետաղաձողեր թափահարում նրանց գլխավերեւում, ճիշտ չէ՞ր լինի, որ իրավապահները փոքր-ինչ ավելի հանդուրժող լինեին դեպքի վայրը լքող ակտիվիստների հանդեպ։

-Այո, բայց հասարակական կարգը ամեն դեպքում խախտվել է՝ ակցիայի մասնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան, խանգարում էին մարդկանց գիշերային հանգիստը։
Չեմ կարծում, թե ոստիկանությունը հաճույք է ստանում բողոքի նմանատիպ ակցիաները ցրելուց կամ մարդկանց բերման ենթարկելուց։ Իրավապահներն այլ տարբերակ ուղղակի չեն ունեցել. կադրերից էլ երեւում է, որ ոստիկանության ներկայացուցիչները մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր անգամ նախազգուշացրին ցուցարարներին՝ խնդրելով, նույնիսկ աղաչելով վերադառնալ Ազատության հրապարակ։ Ավելին՝ նախագահը պատրաստակամություն հայտնեց ընդունել նրանց ներկայացուցիչներին եւ քննարկել ստեղծված իրավիճակը, բայց առաջարկությունը մերժվեց։

 

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930