Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

 Ուղղակի աչք էին ծակում ռուսաստանյան «կենտրոնական» հեռուստաալիքներով հաղորդվող սուտ տեղեկությունները. «Հայոց աշխարհ»

Հունիս 24,2015 11:12

Հարկավ, այն, ինչ տեղի ունեցավ եւ որոշակիորեն տեղի է ունենում, դեռ ավելի հանդարտ վերլուծելու եւ գնահատելու առիթ կլինի: Տվյալ դեպքում արժե անել մի քանի էական արձանագրումներ:

Ամենից առաջինը. հոսանքի թանկացման դեմ բողոքի ալիքի վրա հրապարակ են եկել ակտիվ, նվիրված երիտասարդներ, որոնց թիվը մեծ է: Ավելի մեծ, քան կարող էին ակնկալել շատերը: Դա ուժ է, դա ոգեւորում է այն տեսանկյունից, որ ունենք պայքարող, խնդիր դնող, կարծիք ունեցող, այն արտահայտող հաջորդ սերունդ:

Երկրորդ. չնայած ամենին, ոստիկանության ուժերը հունիսի 23-ի առավոտյան, անցած այլ դեպքերի, նաեւ ուրիշ երկրների համեմատ էլ, որոշակի չափով զուսպ են գտնվել: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ծանր վնասվածք ստացածներ, արյունլվա եղած դեմքեր երեկ չտեսանք:

Երրորդ. անհասկանալի է, թե ինչու, այնուամենայնիվ, մի շարք պատգամավորներ փեշների քարը չթափեցին ու բուն դեպքի ժամանակ ցուցարարների կողքին չէին:
Չորրորդ. անհնար էր առանց նողկանքի հետեւել ուկրաինական, ռուսական, տեղ-տեղ էլ՝ վրացական որոշ վայ մեկնաբանների, որ գիշակերների նման վրա էին պրծել՝ այս իրադարձություններում իրենց քարոզչական ու խառնակչական «ձկները» որսալու: Ուղղակի աչք էին ծակում ռուսաստանյան «կենտրոնական» հեռուստաալիքներով հաղորդվող սուտ տեղեկությունները, ցուցարարների իբր զինված լինելու կամ ոստիկանների դեմ սառը զենք, մետաղյա ձողեր, մահակներ գործածելու մասին:

Հինգերորդ. իրավիճակը կարող էր եւ նման անախորժ զարգացումներ չունենալ, եթե «Ոչ թալանին» նախաձեռնությունը գործողությունների համակարգված ինչ-որ ծրագիր կամ հաջորդականություն ունենար նախանշած կամ արագ արձագանքեր իրավիճակային փոփոխություններին:

Մասնավորապես ամենաճիշտ որոշումը չէր, թերեւս, մերժել պատվիրակություն կազմելու եւ նախագահի հետ հանդիպելու վերաբերյալ երկրի ղեկավարի արած առաջարկությունը: Հանդիպումից ոչ մեկը ոչինչ չէր կորցնի, առնվազն: Առավել եւս եթե իրավիճակը լարված է, ու կա նման հանդիպման առաջարկություն, այսինքն՝ ընդառաջ քայլ, ապա այն պետք է անել, քանզի դա թոթափում է լարվածությունը: Հակառակը բերում է ավելի մեծ լարվածության եւ տանում փակուղի:

Անհասկանալի էր նաեւ մի որոշակի ժամից հետո Բաղրամյանում նստացույցը շարունակելու եւ Ազատության հրապարակ չվերադառնալու որոշումը:
Մյուս կողմից՝ անհասկանալի է նաեւ այն, որ այս նախաձեռնությունը երեք օր շարունակ Ազատության հրապարակում նստացույց էր անում, իսկ իշխանության որեւէ ներկայացուցիչ այդպես էլ չփորձեց «կոնտակտի գնալ»: Ի վերջո, հիմնական ու ելակետային հարցը զուտ սոցիալական է. չթանկացնել էլեկտրաէներգիան, չեղյալ հայտարարել ՀԾԿՀ որոշումը:

Ողջ հարցն այն է, որ, ասենք, հունիսի 23-ի առավոտյան նստացույցը հարկադրաբար դադարեցնելը տվյալ պահի հանգուցալուծումն էր ընդամենը: Այնինչ բուն հարցերը ինչպես կային, այնպես էլ օրակարգում են, եւ, համենայն դեպս, չեն հնչել այն պատասխանները, որոնք համոզիչ կամ ընդունելի կլինեին: Դրա մասին է խոսում եւ երեկվա ցույցը:

Կփորձե՞ն իրավիճակից օգտվել ամենատարբեր ուժեր եւ հոսանքներ: Այո, իրավիճակից օգտվել ցանկացողներ բնականորեն կլինեն, բայց բուն խնդիրն այն է, թե առանցքային մասնակիցները, ի դեմս ակտիվ հասարակության եւ պետության, ինչպես կփորձեն հանգուցալուծել նույն այդ իրավիճակը:

Իսկ դրա համար առաջին անհրաժեշտ բանը պետության եւ ակտիվ հասարակության շփումն է, ինչպես ընդունված է ասել՝ երկխոսությունը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930