«Ամերիկայի Ձայնի» բացառիկ հարցազրույցը «Լրագրողներ Առանց Սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրի հետ՝ Հայաստանի իրավիճակի շուրջ:
– Ո՞րն է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության արձագանքը Հայաստանում լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումների վերաբերյալ:
– Մենք ցնցված ենք լրագրողների դեմ ոստիկանության կողմից գործածված բռնությունների աստիճանից: Որքան մենք ենք տեղյակ, լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների աստիճանն աննախադեպ է 2008 թվականի ընտրությունների ընթացքում ցուցաբերած բռնություններից ի վեր: Տասից ավելի լրագրող ծեծի են ենթարկվել ոստիկանության կողմից, տասից ավելի լրագրող ձերբակալվել են նույնիսկ իրենց մասնագիտական լրագրողական փաստաթղթերը ներկայացնելուց հետո, նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց լրագրողական մասնագիտությունը հաստատվել էր:
Ինչը նույնիսկ ավելի մտահոգիչ է, նրանց մասնագիտական սարքավորումները համակարգված ոչնչացվում կամ առգրավվում էին, ինչը միանշանակ ապացուցում է, որ գոյություն է ունեցել կամք, մտածված որոշում ոչնչացնելու տեղի ունեցածի ցանկացած ապացույց: Այսպիսով, սա ոչ միայն հարձակում էր լրագրողների վրա, այլեւ հարձակում բուն տեղեկատվության ազատության վրա: Մտահոգիչ է, որ ավելանում են թե ոստիկանության բռնությունները լրագրողների նկատմամբ եւ թե լրագրողների աշխատանքային պարտականությունների կատարման խոչընդոտման դեպքերը:
Կարդացեք նաև
Ուղիղ մեկ տարի առաջ, 2014-ի հունիսի 23-ին մի քանի լրագրող ոստիկանության կողմից հարձակման էին ենթարկվել, բողոքի ցույցերը լուսաբանելու ընթացքում, եւ ցավոք սրտի որքանով մեզ հայտնի է, այս մեկ տարվա ընթացքում որեւէ գործողություն չի կատարվել այն ոստիկանների նկատմամբ, որոնք պատասխանատու էին այդ հարձակումների համար: Այսպիսով, միանշանակ իրավապահ մարմիններին անհրաժեշտ է սովորեցնել, թե ինչպես է պետք ծառայություն կատարել եւ լրագրողների հետ ինչպես վարվել խաղաղ բողոքի ակցիաների ընթացքում, նույնիսկ երբ այդ բողոքներն արտոնված չեն:
Մեզ համար նաեւ կարեւորագույն խնդիր է, որպեսզի իշխանությունները վերջ դնեն անպատժելիությանը, որովհետեւ մեկ տարի առաջ տեղի ունեցած հարձակումներից հետո անպատժելիությունը միայն խորացրեց բռնության արատավոր փակուղին, որին մենք այսօր կրկին ականատես դարձանք: Այսպիսով, մենք կոչ ենք անում իշխանություններին պատժամիջոցներ կիրառել այն իրավապահների եւ գործակալների նկատմամբ, ովքեր լրագրողների դեմ բռնություն են կիրառել եւ եթե ապացուցվի, որ այդ ոստիկանները նման չափի բռնի գործելու հրաման էին ստացել, ապա առկա է լուրջ քաղաքական խնդիր:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում