Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ առաջնորդ ունեին, ոչ ծրագիր: Միայն պատրաստ էին ծեծվելու եւ ջրվելու

Հունիս 24,2015 08:52

Առավոտյան ժամը 7-ն է: Ոստիկանները դեռ փակ են պահում Բաղրամյան պողոտան: Ցուցարարներն էլ իրենց հերթին դեռ նախորդ երեկոյան բարիկադներ են սարքել Գրողների միության մոտ: Ժամը 5-ին մոտ, երբ երեկվա նմանությամբ սպասում էին ջրցան մեքենաների հարձակմանը, աղբամանները շուռ տվեցին, կապեցին եւ երկու շարքով դրեցին:

«Ոչ թալանին» նախաձեռնությունից առավոտվա կողմն արդեն մարդ չկար այդտեղ՝ ըստ ներկաների: Նրանք ասում էին, որ նախաձեռնության 14 անդամներից տասը դեռ հիվանդանոցներում են, մնացածներն էլ ապարդյուն փորձելով ցուցարարներին ինչ-որ հարցերում առաջնորդել, ի վերջո հեռացան, որովհետեւ իրենց լսող չկար:

Մի պահ էր եկել, երբ ցուցարարների մի խումբ ոչ ոքի չէր ենթարկվում, ոչինչ լսել չէր ուզում: Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքված այն մի խումբ նախկին եւ ներկա պատգամավորները, որոնք որպես «կենդանի պատ» կանգնել էին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, նույնպես չէին ուզում պատասխանատվությունը վերցնել իրենց վրա, մանավանդ, որ պարբերաբար նրանց էին մոտենում տարբեր մարդիկ եւ հանդիմանում. «Երեկ մենք ջրվեցինք, մեզ ծեծեցին, դուք եկել եք մեր պայքարը մեզնից խլե՞ք»:

Արդեն առավոտյան ժամը 5-ի մոտ, ցուցարարների այն հատվածը, որն իմաստ չէր տեսնում Բաղրամյան պողոտայում առանց որեւէ ծրագրի, առանց որեւէ գործողություն կատարելու կանգնելու մեջ, մոտենում էին նույն այդ պատգամավորներին եւ հորդորում նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը եւ որեւէ ծրագիր առաջարկել: Պատգամավորները, բնականաբար, հրաժարվում էին. «Դա մեր միսիան չէ: Մենք եկել ենք այստեղ միայն ձեր անվտանգությունը պահպանելու համար, բայց մենք չենք կարող եւ չենք ուզում ձեր կազմակերպած հավաքի պատասխանատվությունը ստանձնել»:

aghbamanner-1

Ի դեպ, մինչ այդ, ժամը 2-3-ի սահմաններում ցուցարարներից ոմանք, առնվազն մեկ տասնյակ անգամ ապարդյուն փորձում էին բարիկադների եւ ոստիկանական պատի միջեւ հատվածը, կամ ինչպես իրենք էին ասում՝ «անվտանգության գոտին», ազատել ցուցարարներից: «Խնդրում ենք, հետ գնացեք դեպի բարիկադները, այստեղ պետք է մնան միայն պատգամավորները, մտավորականները եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, նրանք պիտի ապահովեն անվտանգությունը»: Սակայն այդպես էլ նրանց բազմաթիվ փորձերը հաջողությամբ չպսակվեցին:

Ընդհանրապես պողոտայի վրա կարծես տիրում էր ռոմանտիկ անարխիզմի ոգին: Ով ինչ ուզում անում էր, ոչ մեկը մյուսին չէր լսում:

Շոու-բիզնեսի ներկայացուցիչների եւ մտավորականների մի մասը հեռացավ, տեսնելով, որ ոչինչ չի ասվում, ոչինչ չի կատարվում: Նրանցից ոմանք հեռացան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ցուցարարների կողմից կոպիտ հայհոյանքներով «քշելուց» հետո. «Մենք այստեղ քաղաքական հավաքի չենք եկել, մենք այլ նպատակներ եւ այլ խնդիրներ ունենք, իսկ այստեղ քաղաքականացնում են»: Սակայն մեծամասնությունը մնաց ողջ գիշեր:

Իսկ բարիկադների վրա կանգնածները չէին լսում ոչ ոքի: Երբ ժամը 5-ին մոտ նրանց մոտեցան ավելի փորձառու ընկերները եւ առաջարկեցին աղբամանները հետ տանել եւ ազատել տարածքը, նրանց միջեւ ընդհարում եղավ, որը կարող էր լուրջ բախման վերածվել, ոստիկաններից էլ մի քանիսը մոտեցան, սակայն տեղում ներկաները կարողացան այդ փոքրիկ միջադեպը արագ հարթել: «Փաստորեն, ստեղ կռիվը զիբիլի վեդրոյի համար էր»,-եզրակացրեց ներկաներից մեկը:

cucararner

Էլեկտրաէներգիայի մասին վաղուց ոչ ոք ոչինչ չէր խոսում: «Լավ, հիմա ձեր ուզածն ի՞նչ է, ուզում եք անպայման ոստիկանները հարձակվեն, նո՞ր ցրվեք»,- առավոտյան 6-ի մոտ, տեսնելով, որ ոստիկանները համառորեն չեն հարձակվում, տարբեր տեղեր եւ տարբեր երանգներով հնչում էր այս հարցը ու ստանում միանշանակ պատասխան. «Այո, մինչեւ բռնի չցրեն, մենք չենք ցրվելու: Թող ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչ է կատարվում, թող պատռվի էս իշխանությունների դիմակը»: «Անկեղծ ասած, ես կասկածում եմ, որ վաղը կգամ այստեղ, սա լրիվ ծաղրուծանակի է նման, ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ»,- խոստովանեց պատգամավորներից մեկը եւ ստացավ մյուսների լուռ համաձայնությունը:

Հավաքից հեռացող ցուցարարների մեջ էլ կային մարդիկ, որ, դժգոհելով անկազմակերպվածությունից եւ «անտերությունից», հայտարարում էին, որ չէր կարելի ասպարեզը հանձնել մի քանի տասնյակ դեռահասների եւ չափազանց ագրեսիվ տրամադրված երիտասարդների ու հեռանալ: «Նրանք (նախաձեռնողները) թույլ էին, չէին կարող այսքան մարդու ղեկավարել, ու հեռացան»,- պարզաբանում էին քաղաքացիական ակտիվության փորձառություն ունեցողները:

Հա, եւ մի լուսավոր կետ. բարիկադների վրա կանգնած երիտասարդները պարբերաբար երգում էին Հայաստանի հիմնը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Арам says:

    Осталось только 5-я колонна! Ребята,идите домой, пока “случайно” не появились снайперы! Они обычно появляются везде, и ,обычно,их никто и никогда не находит!

  2. Hay says:

    Այսինքն ի՞նչ ես ուզում ասել, Սերժանյա:

  3. Samvel Jeshmaridian, PhD says:

    They had both a leader and a program. Their leader was the Armenian Spirit, their program was gaining esteem and freedom.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930