«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները համոզված են, որ ոստիկանությունը, հարկ եղած դեպքում, երեկվանից դաժան կարող է լինել, եւ իրենք չեն ուզում արյունոտել իրենց ձեռքերը: «Եթե նրանք (որոշ ուժեր-խմբ.) ուզում են գնալ առճակատման, թող գնան, բայց մեզ հետ գործ չունեն: Մենք հրաժարական ենք տալիս»:
«Հա, բայց մարդիկ դեմ են մեր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուն, որպես ի՞նչ գնանք: Ժողովուրդը պետք ա ուզի, որ մենք գնանք հանդիպման, եթե չեն ուզում, ո՞ւր գնանք: Մեր պահանջը մեկն ա, ինքն էլ (Սերժ Սարգսյանը) գիտի էդ պահանջը, թող օնլայն պատասխանի»: «Հա, բայց ժողովուրդը, եթե չի ուզում, որ հանդիպենք, եւ ուզում ա ստեղ մնա, մենք պատասխանատու չենք կարող լինել դրա համար»:
Այսպես քննարկում են նախաձեռնող խմբի անդամները, իսկ այդ ընթացքում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողներին փորձում էր համոզել զուսպ լինել «ծեծ եւ բռնություն» բառերն օգտագործելիս, նա չէր բացառում միայն «ոչ համաչափ գործողությունները»:
Հունան Պողոսյանը բացատրում էր նաեւ, որ հնարավոր չի թույլ տալ, որ ամբողջ Երեւանը իրար կապող գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյան պողոտան փակվի. «Դուք ո՞նց եք պատկերացնում դա»:
Կարդացեք նաև
Այս պահին նախաձեռնողներից մի քանիսը մոտեցել են Հունան Պողոսյանին եւ ինչ-որ բան են քննարկում, սակայն խնդրեցին, որ չլուսաբանվի: «Նախագահը սպասում էր ձեզ հետ հանդիպմանը եւ իմ տպավորությամբ՝ պատրաստ էր ձեզ համար անսպասելի ելքով եւ պատասխաններով հանդես գալ: Մենք բոլոր զիջումներին եւ բոլոր պատասխանատվություններին գնացինք, էլ ի՞նչ անենք: Դուք տեսնում եք, որ գալիս ձեզ կպնում են մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչի: Նորից քարեր են հավաքում: Կա մի շերտ, որ չի լսում ոչ մեկիդ»:
Ըստ ուղիղ եթերով հեռարձակումների