Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում հակառուսական է

Հունիս 24,2015 15:00

Ռուսաստանցի հայտնի հրապարակախոս, վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկու կարծիքով` ՌԴ-ին թվում է, թե դիրքերն ամրապնդում է,
իրականում նա կորցնում է
:

– Պարոն Պիոնտկովսկի, Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում եթե գնահատեք, ինչպիսի՞ն է: Հիմք ընդունելով ներկայիս մակարդակը՝ կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ամրապնդում է դիրքերը:

– Ես կառարկեի նման ձեւակերպման դեմ, որովհետեւ` ի՞նչ է նշանակում «ամրապնդվել»: Նորմալ պետության դեպքում այդ բառի իմաստը նրանում է, որ այդ երկրի նկատմամբ մեծանում է համակրանքը, մարդկանց ինչ-որ բանով գրավում են: «Ամրապնդվելը» սովորաբար կապված է հրապուրիչ դառնալու թույլ ուժով: Իսկ ինչով կարող է հրապուրել Ռուսաստանը հայերին ու վրացիներին, դրա մասին են վկայում վերջին տարվա զարգացումները: Հայաստանին, ներողություն եմ խնդրում նման որակման համար, մեկ գիշերվա ընթացքում բռնաբարեցին` ստիպելով 2013թ. սեպտեմբերի 3-ին հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման բավական լուրջ համաձայնագրից, որը գրեթե չորս տարի նախապատրաստվում էր: Դա չափազանց կարեւոր էր Հայաստանի համար, խոսքը միայն ԵՄ-ի հետ առեւտրի մասին չէր, այլեւ Հայաստանում խաղի կանոնների փոփոխության, բարեփոխումների իրականացման մասին: Նայեք իրավիճակը Ուկրաինայի դեպքում, ինչո՞ւ Պուտինը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, որովհետեւ այդ համաձայնագրի ընդունումը տնտեսական համակարգն էր փոխելու: Ահա, Հայաստանում Ռուսաստանի «ամրապնդումը»:

Հիմա դիտարկենք ՌԴ-ի «ամրապնդումը» Վրաստանում: Բոլորին պարզ է, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը Մոսկվայի նկատմամբ ավելի բարյացակամ է, քան վերջին 25 տարիներին: Ու ինչպես է վարվում Վրաստանում իր ազդեցությունն «ամրապնդող» Ռուսաստանը. ցուցադրական համաձայնագրեր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Ի դեպ, զբաղված լինելով Ուկրաինայով՝ աշխարհը չնկատեց, որ Աբխազիայում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, որը ոչ ոք անկախ պետություն չի համարում: Դարձյալ անեքսիա Ռուսաստանի կողմից: Միշտ էլ Ռուսաստանն ինչ ցանկանում էր՝ առանց այն էլ իրագործում էր Աբխազիայում, բայց դա ոչնչով չարդարացված, մտածված մի քայլ էր, որով Վրաստանի կառավարության երեսին թքեցին, որոնք ցանկանում էին ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորել:

Եթե այս տեսակ գործողությունները կարելի է համարել ազդեցության «ամրապնդում», ապա այո, ես համաձայն եմ, Ռուսաստանն ուժով ճնշում է, բայց հավատացեք՝ Ռուսաստանը կկորցնի: Այդպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, նրան թվում է, թե նա դիրքերն ամրապնդում է, բայց իրականում կորցնում է: Ռուսաստանը կորցնում է հարգանքը, կորցնում է համակրանքը, կապվածությունը: 25 տարի ամրապնդում էինք հարաբերությունները Ուկրաինայի հետ, եւ ինչ հիմա, վերջ, վերջնականապես փչացրեցինք ամեն ինչ, երբեք այլեւս լավ հարաբերություններ չեն լինի: Ազդեցության նման ամրապնդումը միայն բացասական զգացողություններ է առաջացնում: Ես, որպես ռուս հայրենասեր, կարծում եմ, որ դա հակառուսական քաղաքականություն է, որովհետեւ Ռուսաստանը հակառակորդներ, նույնիսկ թշնամիներ է ծնում հետխորհրդային տարածքում:

– Իսկ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք: Դրանք կարծես բավական տպավորիչ են վերջին շրջանում:

– Այդ հարաբերությունները ոչ այնքան վառ են, բայց Ռուսաստանն Ադրբեջանի հետ հարաբերություններում զգուշություն է ցուցաբերում, որովհետեւ Ադրբեջանը տնտեսապես ավելի անկախ է՝ որպես նավթային պետություն, բայց միեւնույն ժամանակ Մոսկվան բավական խանդով է վերաբերվում Ադրբեջանի բոլոր քայլերին` Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու հարցում:

Առհասարակ, Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության որակումը հրաշալի տրվել էր շուրջ 20 տարի առաջ երկու հեղինակների կողմից. մեկը ձեր հայրենակիցն էր՝ հայտնի կրեմլյան քաղաքագետ պարոն Միհրանյանը, մյուսը` Կոնստանտին Զատուլինը: 1998-ին հրապարակվեց անանուն մի զեկույց, բայց բոլորը գիտեին, թե ում կողմից էր գրվել, որում հստակ ասվում էր, որ ՌԴ-ն հետաքրքրված է նախկին հանրապետություններում հակամարտություններով, օրինակ` Ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ է Ռուսաստանին որպես ճնշման լծակ` ե՛ւ Բաքվի, ե՛ւ Երեւանի նկատմամբ:

Ռուսաստանն առհասարակ հետաքրքրված չէ որեւէ հակամարտության կարգավորմամբ` ոչ խաղաղ, ոչ ռազմական լուծման կողմնակից չէ, նրան անհրաժեշտ է այսպիսի մշտապես ձգվող իրավիճակ, որը թույլ կտա Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրել, գումարած` երկուսին էլ զենք վաճառել: Ահա այսպիսին է ՌԴ-ի ամրապնդման պատկերը Հարավային Կովկասում: Իմ պատկերացմամբ՝ սա պարզապես հակառուսական քաղաքականություն է, եւ երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանի շահերի դեմ տարվող քաղաքականություն է:

– Ի՞նչ ապագա է սպասվում Եվրասիական տնտեսական միությանը: Ժամանակ առ ժամանակ Լուկաշենկոն ու Նազարբաեւն ընդվզում են, ակնհայտ է, որ ինչ-որ բան հարթ չէ այդ կազմակերպությունում: Այդ կառույցի ստեղծումը ընդհանրապես Պուտինի՞ PR-ն էր, թե՞ մոտ ապագայում այն հնարավոր է տնտեսապես հետաքրքիր կառույց դառնա նույնիսկ ԵՄ-ի կամ Չինաստանի համար:

– Եվրասիական միությունը տնտեսական որեւէ նշանակություն չներկայացնող կառույց է: ԵՏՄ-ի ստեղծումը PR էր հենց Պուտինի համար, դա սեփական աշխարհաքաղաքական բավարարման գաղափար էր` «ես ոչ թե ընդամենը ՌԴ նախագահ եմ, այլ փոքր կայսրության փոքր կայսր եմ…»: Հենց նույն Լուկաշենկոն ու Նազարբաեւը շատ լավ գիտակցում են ռուսական էլիտայի կայսերապաշտական բարդույթները: Նրանք ստիպված են հաշվի նստել դրա հետ, բայց մյուս կողմից՝ դա նաեւ օգտագործում են, հատկապես Լուկաշենկոն: Նրան, առհասարակ, ես համարում եմ հետխորհրդային տարածքի փայլուն գործիչներից մեկը: Բելառուսի պատմության ապագա դասագրքերում նրան կհիշատակեն որպես Բելառուսի անկախության հայր: Վստահեցնում եմ ձեզ՝ ուրիշ մեկին Մոսկվան վաղուց կքաշեր: Մոսկվան Բելառուսի նկատմամբ միանգամայն այլ ծրագրեր ուներ` ՌԴ-ի սուբյեկտ վերածելու առումով:

Նազարբաեւն էլ իր խնդիրներն ուներ: Ինչպիսի՞ երկիր նա ստացավ՝ Ղազախստանի հյուսիսում 90 տոկոս ռուս բնակչությամբ: Դա բավական անկայուն իրավիճակ էր, պետք էր մաքսիմալ քծնել Մոսկվային: Բայց Նազարբաեւը այլ կերպ վարվեց: Նա եվրասիական բոլոր պրոյեկտների հեղինակն էր, ամեն տարի գալիս էր, ասում` եկեք եվրասիական այս ծրագիրն իրագործենք, եկեք` այն ծրագիրն իրականացնենք… Բայց դրա հետ միասին տեղափոխեց մայրաքաղաքը հյուսիս, երկրի հյուսիսը բնակեցրեց ղազախ բնակչությամբ, այսինքն` փոխեց երկրի դեմոգրաֆիական պայթյունավտանգ պատկերը, լուծեց իր խնդիրները:

Լուկաշենկոն ու Նազարբաեւը երկու շատ խելացի քաղաքական գործիչներ են, որոնք Մոսկվայի քաղաքականությունը շատ լավ են հասկանում, տեսնում են նրա կայսերապաշտական բարդույթները, բայց պահպանում են իրենց երկրների անկախությունը տարբեր միջոցներով, այդ թվում եւ` կեղծ, մտացածին միություններով: Իր տնտեսական հզորությունը ԵՏՄ-ն ցույց տվեց անմիջապես այն բանից հետո, երբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին:

Այսինքն՝ սա քաղաքական խաղ էր, եւ շուտով այդ քաղաքական խաղը կավարտվի, որովհետեւ Չինաստանն այդ ծրագրին հակադրում է Մեծ Մետաքսե ճանապարհը: Ղազախստանում Չինաստանի դիրքերը թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով ավելի ուժեղ են, քան Ռուսաստանի դիրքերը: Մեծ Մետաքսե ճանապարհի հիմնական նախագիծը` Խաղաղ օվկիանոսից մինչեւ Եվրոպա տրանսպորտային ցանցը, Չինաստանը գիտակցաբար ցանկանում է ստեղծել ոչ թե Սիբիրով, այլ Ղազախստանի մի հատվածով: Ու հանկարծ հայտնվում է Ռուսաստանը մի կտորով` Մոսկվա-Կազան հատվածով, որի համար եւս Չինաստանը ֆինանսավորում է` 30 մլրդ դոլար: Այնպես որ՝ եթե անդամակցել եք ԵՏՄ-ին, համարեք, որ մտել եք Մեծ Մետաքսե ճանապարհ:

– Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում շարունակում է պահպանվել լարվածությունը, չնայած այն հայտարարություններին, թե ընդդեմ ՌԴ-ի քաղաքականություն չի տարվում, կամ ինչպես Ռիգայի գագաթնաժողովում էին եվրոպացի առաջնորդներն ու դիվանագետները կրկնում` Արեւելյան գործընկերությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Որքա՞ն է այսպես շարունակվելու:

– Այդ հայտարարություններին չարժե ուշադրություն դարձնել՝ ոչ թե նրա համար, որ դրանք ճիշտ չեն, այլ պարզապես դրանք ստանդարտ հայտարարություններ են, նրանք շարունակում են նման հայտարարություններ անել արդեն 15 տարի: Դա ուղղված է Մոսկվային, որպեսզի փոքր-ինչ մեղմեն Մոսկվայի հիստերիկ ռեակցիան` ուղղված նախկին Խորհրդային Միության երկրների հետ մերձեցմանը քայլերին: Բայց վերջին շրջանում Արեւմուտքի կողմից կոշտ քաղաքականություն է վարվում` ուկրաինական ճգնաժամի կոնտեքստում: Նրանք ականատես դարձան, որ Պուտինը պարզապես խաբում է իրենց, ստանձնած պարտավորությունները չի կատարում, այդ իսկ պատճառով բավական կոշտացրել են դիրքորոշումը Մոսկվայի նկատմամբ: Պաշտոնապես ոչ ոք չի հայտարարի, բայց փաստացի Արեւմուտքը գնում է ռեժիմի փոփոխության, նրանք Պուտինի հետ գործ չեն ունենալու: Պուտինն իր քաղաքականությամբ իրեն անկյուն քշեց:

– Պարոն Պիոնտկովսկի, դուք խոսում եք Պուտինի, ռուսական քաղաքական էլիտայի մասին, բայց ինչպիսի՞ն է նրանց վարած քաղաքականության նկատմամբ ռուս հասարակության վերաբերմունքը: Կարծիք կա, որ ռուս հասարակությունն էլ ունի կայսերապաշտական հայացքներ, անգամ պատրաստ են վատ ապրել, բայց ունենալ հզոր առաջնորդ, ինչպիսին Պուտինն է:

– Ոչ, դա չափազանցություն է: Դա ծնվեց դրսում ձեւավորված այն համոզմունքով, որ Ղրիմը միավորելը բնակչության մեծ մասը ընդունելի է համարում: Դա այդպես է: Բայց ես չեմ հավատում տոտալիտար պետություններում արված սոցհարցումներին, որովհետեւ եթե զանգում են անծանոթ մարդու, հարցնում են` դուք նախագահի կողմնակի՞ցն եք, թե՞ ոչ, խորհրդային գենետիկ ողջ փորձը հաշվի առնելով՝ մարդուն ավելի անվտանգ է պատասխանել` իհարկե: Այո, երեւում է, որ մեծ մասը կողմնակից էր, որովհետեւ Ղրիմի հետ կապված խառը պատմություն էր, մի ժամանակ ՌԴ-ինն էր, հետո` Ուկրաինայինը: Բայց Ուկրաինայի դեմ պատերազմին, այն ամենին, ինչ կատարվում է Դոնբասում, Ռուսաստանում, դրա կողմնակիցը չեն: Ռուսական հասարակության հայացքներն այսօր ամենեւին էլ կայսերապաշտական չեն, ինչպես կցանկանային: Էլիտան, այո՛, ավելի կայսերապաշտ է: Խոսեցինք հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության ամրապնդման մասին, այդ ամենն էլիտայի քաղաքականությունն է: Բայց Ուկրաինայում պատերազմի մասսայական աջակիցներ չկան ու չեն լինի ռուս հասարակությունում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930