Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թբիլիսյան ջրհեղեղը Հայաստանի տնտեսության վրա էլ կազդի

Հունիս 24,2015 14:30

Վրաստանում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով այդ երկիրը հայտնվել է բավականին ծանր տնտեսական վիճակում, ինչն իր բացասական հետեւանքը կթողնի մեր երկրի եւ Վրաստանի միջեւ առկա առեւտրաշրջանառության վրա. «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ Վրաստանը մեզ համար լավ առեւտրային գործընկեր էր, սակայն ջրհեղեղի պատճառած վնասի պատճառով Հայաստանը վրացական շուկայում էլ խնդիրներ է ունենալու: Պարոն Խաչատրյանը նշում է, որ առեւտրի ոլորտում Վրաստանը մեր գործընկերների առաջին տասնյակում է:

Մեր հարցին, թե շուրջ կես տարի է՝ ԵՏՄ-ում ենք, եւ առանց այդ էլ այս միությանն անդամակցելուց հետո արտահանման եւ ներկրման ծավալները զգալիորեն նվազել են, եւ հակառակ իշխանությունների պնդմանը, թե Եվրասիական տնտեսական միությունը ամենաշահավետն է մեր երկրի տնտեսության համար, առայժմ միայն կորուստներն են տեսանելի, իսկ թե ինչպես է շահում մեր երկիրը՝ պարզ չէ, Վիլեն Խաչատրյանն ասաց. «Հայաստանի շահելու կամ կորցնելու հիմքերը պետք է դիտարկենք ե՛ւ տնտեսական ցուցանիշների առումով, ե՛ւ ընդհանուր այն միջավայրի, որը առկա է Եվրասիական տնտեսական միության հարցերի հետ կապված: Այս տեսանկյունից Հայաստանի շահելու հետ կապված հավանականությունը նման կարճ ժամանակահատվածում բավականին քիչ էր: Երկրորդ՝ այդ երկրների մեծ մասն այնպես չէ, որ ապրում են իրենց տնտեսության զարգացման լավագույն օրերը: Մենք համագործակցում ենք մի երկրի հետ, որը Ռուսաստանն է, եւ Ռուսաստանը, որը մեր գլխավոր գործընկերն է, այսօր գտնվում է ամենավատ վիճակում՝ 3-4 տոկոսի հասնող տնտեսական անկման կանխատեսմամբ: Ռուսաստանում բավականին բարձր ինֆլյացիայի մակարդակ կար, չնայած հիմա մի փոքր իջել է եւ 10 տոկոսը չի գերազանցում: Աշխատավարձերի իջեցում կա եւ այլն:
Նույն խնդիրների առաջ է նաեւ Ղազախստանը, որի համար Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է 2 տոկոս տնտեսական աճ: Նախորդ տարի 4,3% էր: Իսկ Ռուսաստանի համար որոշ կազմակերպությունների կանխատեսումներն ավելի հոռետեսական են՝ -3-ից -4: Բելառուսում ինֆլյացիան 17-18 տոկոս է, այսինքն՝ այս տեսանկյունից որ նայում ենք՝ ԵՏՄ երկրներից առնվազն 3-ը շատ վատ վիճակում են, եւ այդ վատ վիճակը չի կարող մեզ վրա ազդեցություն չունենալ: Ռուսաստանում տեղի ունեցող փոխարժեքի փոփոխությունն առնվազն 40 տոկոսով ազդում է մեզ վրա»:
Մեր զրուցակիցը անդրադարձավ նաեւ տրանսֆերտների կրճատմանը, ինչի հետեւանքով մեր տնտեսությունը զրկվել է ֆինանսական ռեսուրսներից: Տնտեսագետը վկայակոչելով Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրությունը՝ ասաց. «Փոխանցումներով Ռուսաստանից Հայաստան եկող ամսական փողը 40-50 միլիոն դոլար պակասել է: Այսինքն՝ Ֆինանսական ռեսուրսից զրկվում է այն խավը, որը, կոպիտ ասած, իր «խոպանչիին» ուղարկել է Ռուսաստան՝ փող աշխատելու եւ իրեն ուղարկելու: Այդ ընտանիքներն այստեղ չունեն աշխատանք եւ եկամտի աղբյուր եւ իրենց աշխատող ձեռքն ուղարկել են Ռուսաստան, նա էլ այնտեղ չի կարողանում ստեղծել արդյունք, որպեսզի ուղարկի՝ իր ընտանիքն այստեղ ապրի»:

Վիլեն Խաչատրյանի խոսքերով՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, Ռուսաստանում աշխատավարձերը նվազել են 10 տոկոսով, իսկ ստվերային ոլորտում այդ նվազեցումն ավելի շատ է՝ 30-40 տոկոս. «Եթե խնդիր է առաջանում, առաջին հերթին աշխատանքից ազատում են օտարերկրացուն կամ նրանց աշխատավարձն են իջեցնում, որովհետեւ նրանց մեծ մասը գործատուի հետ չի աշխատում պայմանագրային հարաբերությունների հիմքով: Եվ այդ մարդիկ չեն էլ կարող պահանջատեր լինել: Գործատուն կասի՝ գնա, մենք ուրիշին կվերցնենք, ազգությամբ տաջիկն ու ուզբեկը պատրաստ սպասում են այդ նույն գործն ավելի քիչ գումարի դիմաց անելու, եւ հայն այդ ժամանակ կկորցնի իր աշխատատեղը»:

Տնտեսագետի համոզմամբ՝ արտաքին աշխարհաքաղաքական այդ ցնցումները չեն կարող բացասաբար չազդել նաեւ մեր երկրի վրա: Օրինակ բերելով Ռուսաստան-Եվրամիություն առեւտրային հարաբերությունները, որոնք վատթարացել են ուկրաինական կոնֆլիկտի հետեւանքով ստեղծված պատժամիջոցների պատճառով, պարոն Խաչատրյանն ասաց, որ այդ երկու խոշոր բլոկների՝ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ առեւտրաշրջանառության ծավալը 25 տոկոսով նվազել է, ինչն իր անմիջական ազդեցությունն է թողել Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալների վրա. «ԵՄ-ն, երբ հայտնվում է վատ վիճակում, մեր մոտից տարվող հումքի եւ այլ ապրանքների սպառման ծավալները կրճատվում են, եւ հետեւաբար մեզ մոտ արտահանման խնդիրներ են առաջանում, այսինքն՝ երկու թեւով մենք կապված ենք այդ երկու հզոր բլոկների հետ»:
Ըստ մեր զրուցակցի՝ երբ վիճակագրություն է բերվում, ապա այն դիտարկվում է Ռուսաստան-ԱՊՀ-ԵՄ կտրվածքով, որովհետեւ նրանք մեր հիմնական գործընկերներն են. «Մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է, երկրորդը՝ Չինաստանը, երրորդը՝ Գերմանիան: Եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացվեն, ապա մենք կմտնենք որոշակի առումով դրական դաշտ, բայց հիմա ոչ նպաստավոր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ռիսկերի ազդեցության տակ ենք: Չինաստանը փորձում է իր առեւտրային հարաբերությունները ԵՏՄ-ի հետ կառուցել, Իրանը փորձում է կառուցել, այսինքն՝ ինչ-որ խմորումների փուլում ենք, աշխարհը վերադասավորումների փուլում է: Եվս մեկ տնտեսական միավոր կամ կարելի է ասել՝ խոշոր միություն ձեւավորվելու քայլ է արվել: Հիմա Ուկրաինայի պատճառով այդ քայլը դանդաղել է, բայց, այնուամենայնիվ, մի շարք երկրներ են իրենց ցանկությունը հայտնում՝ նման միավորման հետ առեւտուր անելու»:

Ինչ վերաբերում է ներկրումների կրճատմանը, ապա Վիլեն Խաչատրյանն ասաց, որ դրա պատճառը Ռուսաստանում տարվող քաղաքականությունն է. «Ռուսաստանը ներկայումս այնպիսի քաղաքականություն է տանում, որ արժեզրկելով իր ռուբլին՝ արտահանումը խթանում է, իսկ մեզ պես երկրները դրա հետեւանքով տուժում են եւ չեն կարողանում ներկրում անել»:

Ըստ տարեսկզբյան վիճակագրության, որը չի արտահայտում ԵՏՄ տարածքի ցուցանիշները, արտահանման եւ ներմուծման ծավալները 25-30 տոկոսով նվազել են: Մեր ճշտող հարցին, թե ԵՏՄ-ի հետ առեւտրաշրջանառության ծավալները որքա՞ն են նվազել, պարոն Խաչատրյանն ասաց, որ ազգային վիճակագրական ծառայությունը չի ֆիքսում այդ ցուցանիշները՝ պատճառաբանելով, որ միասնական էլեկտրոնային գրանցման համակարգի բացակայության պատճառով ԵՏՄ հետ ցուցանիշները բերված չեն, սակայն տնտեսագետի հաշվարկներով՝ առնվազն 5-10 տոկոս անկման շեմ կա. «Այնուամենայնիվ, այդ ոլորտը կաթվածահար վիճակում է, նախ՝ տարեսկզբյան փոխարժեքի տատանումների պատճառով, հետո չգիտեին՝ ինչպես են այդ արտահանման հարցերն անելու, ինչը եւս խոչընդոտներ ստեղծեց եւ այլն»:

Վիլեն Խաչատրյանի տվյալներով՝ անցյալ տարի մեր արտահանման ծավալները կազմել են 1 միլիարդ 519 միլիոն դոլար:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930