Համոզված է ազգային-հասարակական գործիչ Արա Ահարոնյանը
Օրերս Հայաստանում էր սփյուռքահայ ազգային-հասարակական գործիչ, Ռամկավար ազատական կուսակցության երկարամյա ղեկավար Արա Ահարոնյանը: Բազմաթիվ աշխատությունների հեղինակը Սփյուռքի նախարարին էր ներկայացրել իր նոր՝ «Երախտավորներու ուղին» երկհատոր ուսումնասիրությունը:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Ահարոնյանը նշեց, որ հայապահպանության ու ազգապահպանության սերը նախնիներից է ժառանգել՝ հայրն ու մայրը եղեռնի վերապրածներից են: Մեր զրուցակիցը նշում է, որ երկար տարիներ ԱՄՆ Արեւմտյան ափի եւ Կանադայի շրջանային վարչության ատենապետն է եղել, ու աշխատանքի բերումով գնահատելով
ԱՄՆ-ի հայկական համայնքը, ասում է, որ աշխատանքներն այստեղ ավելի շատ են, ի տարբերություն, իր ձեւակերպմամբ, Միջին Արեւելքի հայատրոփ հայկական գաղութի: Նոր սերնդին արմատներին ավելի մոտեցնելու եւ հների ուղու հետ ծանոթացնելու մղումով էլ ծնվել են նրա ութ գրքերը, որոնց մի մասը անգլերեն է թարգմանվել: Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գրքին, այն ոչ միայն ներկայացրել է ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին, այլեւ 100 օրինակ բաժանել ԱՄՆ կոնգրեսում: Արա Ահարոնյանն ուրախ է, որ իր որոշ աշխատություններ համալսարանների ուսանողների ջանքերով հայտնվել են համացանցում, այսինքն՝ դրանք ուշադրության են արժանացել երիտասարդների կողմից: Ահարոնյանը գրել է նաեւ Ջավախքի, Նախիջեւանի, համշենահայության մասին, ասում է՝ Արեւմտյան Ամերիկայի 4-5 թերթեր անդրադարձել են դրան:
Խոսելով սփյուռքահայության մասին, մեր զրուցակիցը փաստում է, որ բավականին լավ համայնք կա Արգենտինայում, թեեւ իսպանախոս է, բայց գոտեպնդիչ ոգեւորություն ունի հայրենիքի հանդեպ, Արմենիա անունով փողոց ունեն, իսկ իսպանախոս աշակերտները երգում են «Կիլիկիա» եւ «Մեր Հայրենիք»: Ինչ վերաբերում է Ամերիկայում ապրող հայերին, այստեղ էլ Ահարոնյանի ասելով, դաստիարակվում են հիմնականում շաբաթօրյա հայկական դպրոցներում, եւ այն էլ միայն 4%-ն է իր զավակներին հայկական դպրոցներ ուղարկում: Արա Ահարոնյանի ձեւակերպմամբ, այլ էր պատկերը Միջին Արեւելքում, ժամանակին երբ մշակույթի անվանի դեմքերը, օրինակ, կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը Լիբանան էին գնում, զգում էին, թե ինչ գնահատող գաղութ է: Այնուհանդերձ, Արա Ահարոնյանը համոզված է, որ մահմեդական երկրներում հայությունն ապագա չունի, կոչ է անում մահիկ ունեցող երկրներից գալ ու շենացնել Արցախը:
Նա նշում է, որ 1999-ից ղեկավարել է միացյալ կուսակցությունների Հայ դատի եւ ցեղասպանությանը նվիրված համագաղութային ձեռնարկները, ափսոսում է, ոմանք քաղաքական շահերով սկսել են քաշքշել միասնականությունը: Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի՝ համասփյուռքյան կառույց ստեղծելու առաջարկին: Նա ասել էր, որ «մեկ հայ՝ մեկ քվե» սկզբունքով կարելի է համասփյուռքյան ընտրություններ կազմակերպել, 18-ը լրացած հայերն ամեն համայնքում ձայների մեծամասնությամբ պատգամավոր կամ ներկայացուցիչ ընտրեն: Արա Ահարոնյանը կողմ է նման կառույցին, օրինակ է բերում՝ հրեաները համաշխարհային հրեական կոնգրես ունեն, որ իրենց հարցերն է համակարգում, հայերը Սփյուռքի ղեկավար չունեն: Նեղսրտում է, որ համազգային ձեռնարկներում խառնված են նաեւ հոգեւորականները. «Ժողովրդավար երկրին մեջ երկրի կառույցի մեջ իրավունք չունի խառնվելու եկեղեցին… քահանաների գործը օրհնելն է, հայը հայ պահելը եւ ոչ թե քաղաքականության մեջ խառնվիլը»: Մեր զրույցի ընթացքում խոսք եղավ նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այն կոչի մասին, որ լավ կլինի սփյուռքահայերը 1000-ական դոլար ներդնեն հայրենական բանկերում: Արա Ահարոնյանի խոսքով, «Լավ առաջարկ է, բայց «Հայաստան» հիմնադրամը շատ մեծ փորձառություն եղավ Սփյուռքի հանդեպ Հայաստանի կառավարության մոտեցումների առումով…»:
Սփյուռքահայ ազգային-հասարակական գործչի համոզմամբ, Սփյուռքը կոնգրես պետք է ունենա, ու Սփյուռքի նախարարությունը չէ այդ կոնգրեսը: Նրա խոսքով, այդ կոնգրեսը պետք է աշխատի ՀՀ արտգործնախարարության եւ վարչապետի հետ, իսկ Սփյուռքի նախարարության գոյությունն այս համատեքստում ուղղակի ավելորդ է:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.06.2015