Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դեռ վերջնական չեմ հանձնվել»

Հունիս 24,2015 13:00

Դերասանի վարպետություն դասավանդող
երիտասարդ մասնագետը բեմ էլ դուրս կգա

Մշակութային բուհերում մասնագետի պատրաստման արվեստանոցային սկզբունքը իրեն բնորոշ առանձնահատկություններով հետաքրքիր անսովորություններ է արձանագրում: Ամենից բնորոշ առանձնահատկությունն անվանական դասարանն է, ասենք, կոնսերվատորիայում՝ Գոհար Գասպարյանի դասարան, կամ Տաթեւիկ Սազանդարյանի, թատերականում՝ Վարդան Աճեմյանի եւ այլն: Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում դասարան եզրը նույնանում է արվեստանոց հասկացության հետ:

Մյուս առանձնահատկություններն այսքան ցայտուն չեն, սակայն դարձյալ բնորոշ են արվեստանոցային սկզբունքին, օրինակ՝ մշակութային բուհում կարող են դասավանդել 80, 90, երբեմն՝ նույնիսկ 100 տարեկան պրոֆեսորները: Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում այսօր էլ դասավանդում է թատերական մանկավարժ, պրոֆեսոր, 90-ն անց Ռաֆայել Ջրբաշյանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մինչեւ վերջերս իր լսարանում դասախոսություն էր կարդում երաժշտագետ, պրոֆեսոր, 100-ամյա Աննա Բարսամյանը: Սակայն վերջին շրջանում ինչ-ինչ անհրաժեշտության դեպքում մշակութային բուհերի դասախոսական կազմը համալրել են նաեւ երիտասարդները, ինչը հաճախ խոսակցությունների տեղիք է տալիս: Ի դեպ, 1975թ. Ռաֆայել Ջրբաշյանը հավիրել է իր ռեժիսորական կուրսում պլաստիկա եւ մնջախաղ դասավանդելու ինստիտուտը չավարտած՝ դերասանական 4-րդ կուրսի ուսանող Լեւոն Իվանյանին, որն այդ տարիներին զբաղվում էր արգելված ժանրով՝ մնջախաղով: Հենց այդ պատճառով էլ, պարոն Ջրբաշյանի հավաստիացմամբ, երիտասարդը երկու անգամ «վերջին նախազգուշացումով» նկատողություն է ստացել ու մի կերպ մնացել ինստիտուտում:

«Առավոտը» հանդիպեց Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի երիտասարդ դասախոս Անի Ներսիսյանի (լուսանկարում) հետ, որն ավարտել է լուսահոգի ռեժիսոր Արմեն Մազմանյանի արվեստանոցը եւ 2012-ից անցել դասախոսական աշխատանքի: Հարցին, թե սերելով հայտնի Ներսիսյան թատերական գերդաստանից, ինչպե՞ս պատահեց, որ օրիորդը իբրեւ դերասանուհի չշարունակեց պապի, մեծանուն Բաբկեն Ներսիսյանի եւ իր ծնողների՝ ճանաչված դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանի ու Տիգրան Ներսիսյանի ուղին, մեր զրուցակիցը նշեց նախ, որ պատասխանատվությունը մեծ էր, մյուս կողմից էլ՝ ծնողները ամեն ինչ արել են, որ ինքը բեմ չբարձրանա, հետո էլ վճռական ասաց. «Ես դեռ վերջնական չեմ հանձնվել ու գիտեմ, որ այդ օրը գալու է»: Մեր զրուցակիցը հիշեց իր պրոֆեսորին, որի ղեկավարությամբ բեմ է բարձրացել «Գոյ» փորձարարական թատրոնում, հետո էլ ասաց, թե Մազմանյանը քանիցս հորդորել է, որ մնա «Գոյում», բայց ապարդյուն: Հիշեց նաեւ մագիստրատուրայում սովորելու տարիները, որ ինստիտուտի ուսանողների հետ արդեն որպես ռեժիսոր բեմադրել է Սարտերի «Հարգարժան Բ-ն» եւ այլն:

Nersisyan_1

Անի Ներսիսյանն ընտանիքի հետ:

Անդրադառնալով դասախոսական աշխատանքին, հետաքրքրվեցինք՝ դժվարությունների չի՞ հանդիպում, արդյոք, համարյա իր տարեկիցներին դասավանդելու ընթացքում: «Լինել երիտասարդ դասախոս՝ շատ դժվար է: Իհարկե, սկզբնական շրջանում փոքր-ինչ դժվարություններ կային, բայց մինչ ինստիտուտում դասախոսական աշխատանքի անցնելը մորս հետ, կարելի է ասել, ես պրակտիկա եմ ձեռք բերել՝ դասավանդելով թատերական ստուդիաներում: Սիրում եմ դասախոսական աշխատանքն ու ավագ կոլեգաներիս եւ եթե խաղամ թատրոնում, ապա վերջինս կզուգահեռեմ ինստիտուտի աշխատանքի հետ»,- ասաց Անի Ներսիսյանը: Ռեպլիկին, թե հավանաբար Մայր թատրոնում, երիտասարդ արվեստագետի ձեւակերպմամբ՝ «անկասկած ու հասկանալի պատճառով՝ Սունդուկյանի անվան թատրոնում»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ մասնագիտական գրականությանը: Աշխարհում որպես թատերական կրթության դասագիրք հայտնի է Ստանիսլավսկու եւ Միխայիլ Չեխովի «սիստեմները», ինչին արդեն շուրջ 70 տարի հարազատ է նաեւ մեր թատերական ինստիտուտը: Արվեստագետը չի՞ կարծում, որ իբրեւ դասագիրք մեծ արժեք կներկայացնի նաեւ Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» աշխատությունը, Անի Ներսիսյանը պատասխանեց. «Այդ աշխատությունն ինքն իրենով հանրագիտարան է ոչ միայն սկսնակ դերասանի, այլեւ վաստակաշատի համար: Դա մի անկրկնելի գանձ է թատրոնի հետ առնչվող յուրաքանչյուր մասնագետի համար եւս: Օրինակ, ես ու ծնողներս մշտապես թերթում ենք «Հետադարձ հայացքը»: Ժպիտով հավելեց նաեւ, թե տանը աչքի առջեւ է նաեւ Սերգեյ Առաքելյանի «Բաբկեն Ներսիսյան» գիրքը: Հարցին՝ իբրեւ երիտասարդ դասախոս ի՞նչ կուզենար, որ ինստիտուտում հիմնվեր կամ բացվեր, Անի Ներսիսյանը պատասխանեց. «Ծնողներիցս լսել եմ, որ նախկինում Ռուսաստանի թատերական բուհերի ու հենց թատրոնների հետ սերտ կապերի մեջ է եղել մեր ինստիտուտը եւ մշտապես փորձի փոխանակման նպատակով Ռուսաստան են մեկնել ոչ միայն դասախոսները, այլեւ ուսանողները: Կուզենայի, որ աշխարհում բարձր դիրքերում մշտապես կանգնած ռուսական թատերարվեստի հետ նման շփումը վերականգնվի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930