«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը օրերս երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային տոնի առիթով կազմակերպել էր մինիֆուտբոլի բարեգործական առաջնություն, որի նպատակն էր դրամահավաք իրականացնել՝ «Օրրանի» երեւանյան եւ վանաձորյան կենտրոնների շուրջ 200 կարիքավոր երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար:
Բարեգործական մրցույթին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին «Կոկա-Կոլան», Հայաստանի էլեկտրական ցանցերը, «Ֆինքա» վարկային կազմակերպությունը, HSBC բանկը, «Ռոսգոսստրախ Արմենիան», «Գրանթ Թորնթոնը», «Մեդիամաքսը», «Ցեպելին Արմենիան», որոնք հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ օգնել կարիքավոր երեխաներին: Մրցաշարը կայացավ Վահագնի թաղամասի Արարատ Գոլֆի ակումբում, որը «Օրրանին» մեծահոգաբար տրամադրեց Հովնանյանների ընտանիքը: Բարեգործական այս միջոցառմանն իրենց ներդրումն ունեցան նաեւ «Տաշիր Պիցցան», «Կոկա-Կոլան», «Աշտարակ Կաթը» եւ «Բեկոն պրոդուկտը»:
Որքան էլ մրցույթը բարեգործական բնույթ ուներ, այնուամենայնիվ, այն կայացավ թեժ մրցակցության պայմաններում, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՀԷՑ-ի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ «Ռոսգոսստրախ Արմենիայի» թիմը, երրորդ եւ չորրորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար «Մեդիամաքսի» եւ «Կոկա -Կոլայի» թիմերը:
Միջոցառման ավարտին «Օրրանի» հիմնադիր տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց մասնակից կազմակերպություններին: «Ողջունելի է, որ դուք համախբվել եք կարիքավոր ընտանիքներին օգնելու նպատակով: Այնպես որ, այս մրցաշարում հաղթանակեց բարեգործությունը»:
Հիշեցնենք, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների կողմից 2000 թ.-ին՝ Հայաստանում երեխաների եւ տարեցների շրջանակներում մուրացկանության տարածման դեմ պայքարելու առաքելությամբ: Արդեն 15-րդ տարին է, որ «Օրրանն» իր երեւանյան եւ վանաձորյան կենտրոններում խնամքի տակ է առել ավելի քան 200 կարիքավոր երեխաների եւ շուրջ 90 միայնակ տարեցների:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
23.06.2015