Հապալասենիների ընտանիքից` մրտենային հապալասի ե՛ւ բույսի պտուղները, ե՛ւ տերեւները բուժական նշանակություն ունեն։ Հապալասը պարունակում է շաքար, պեկտին, դաբաղող նյութեր, օրգանական թթուներ, գլիկոզիդներ, ասկորբինաթթու, վիտամին A, B, C, կարոտին, երկաթ, մանգան։
Լավացնում է տեսողությունը` մոտ մեկ տարի կերեք 50-70-ական գրամ սեւ հապալաս՝ պտուղը օրը 3-4 անգամ։ Ունի ցավազրկող, հակաբորբոքային, աղիների պատերի ներծծող հատկությունը խթանող, աղիների շարժողունակությունը թուլացնող, հյութազատությունը նվազեցնող ազդեցություն։ Այս ամենը հնարավորություն է ընձեռում դեղաբույսն օգտագործել լուծով ընթացող, մարսողության սուր եւ քրոնիկ խանգարումների, էնտերոկոլիտների, ստամոքսի եւ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների, գաստրիտների դեպքերում։ Իրեն բնորոշ քիմիական կազմի շնորհիվ բույսն օգտագործվում է նաեւ բերանի խոռոչի, բկանցքի բորբոքումների ժամանակ՝ ողողումների ձեւով, հատկապես երեխաների մոտ։ Շատ արժեքավոր միջոց է համարվում շաքարախտը բուժելիս։ Սակայն այն չի կարելի կիրառել լեղուղիների դիսկինեզիաների այն ձեւերի դեպքում, որոնք արտահայտվում են սակավ շարժունակությամբ, ինչպես նաեւ դուոդենոստազների ժամանակ։ Բոլոր այն դեպքերում, երբ աղիների շարժողունակությունը ընկճվում է, դեղաբույսի օգտագործումը դառնում է ոչ միայն աննպատակահարմար, այլեւ՝ պարզապես հակացուցված։
3-4 թեյի գդալ պտուղները թրմել 2 բաժակ եռման ջրում, 4-5 ժամ եւ խմել 1/4 բաժակ, օրական 5-6 անգամ։ Եփուկը պատրաստում են հետեւյալ կերպ` մեկ ճաշի գդալ պտուղները 2 բաժակ ջրի մեջ եռացնել այնքան ժամանակ, մինչեւ ջուրը դառնա մեկ բաժակ (կիսվի)։ Քամելուց հետո եփուկը խմել տաք վիճակում, 1/4 բաժակ, օրական 4 անգամ, ուտելուց առաջ։
Կարելի է նաեւ պատրաստել կիսել` մեկ ճաշի գդալ պտուղները եփել 1,5 բաժակ ջրում՝ ավելացնելով մեկ թեյի գդալ կարտոֆիլի օսլա եւ շաքարավազ, խմել կես-կես բաժակ, օրական 3 անգամ։
Տերեւների ջրաթուրմը եւ եփուկը օգտագործվում են շաքարախտի ժամանակ:
Տերեւների ջրաթուրմը պատրաստում են հետեւյալ կերպ. 3 ճաշի գդալ մանրացրած տերեւները թրմել 3 բաժակ եռման ջրում։ Խմել սառը վիճակում՝ մեկ բաժակ, օրական 3 անգամ։ Շաքարախտի ժամանակ լավ է օգնում մրտենային հապալասենու եւ կանաչ լոբու հավասար հարաբերակցությամբ պատրաստված եփուկը։
Պտուղները սեւ գույնի են, կապտավուն երանգով, հյութալի եւ բազմաթիվ սերմեր են պարունակում։ Բույսը ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիսին եւ օգոստոսին։
Հասունացած պտուղները հավաքում են ձեռքով, չորացնում բացօթյա վերնատներում կամ չորանոցներում՝ բարակ շերտով փռելով սավանի վրա։ Հումքը պահում են չոր տեղում։ Պիտանի է 2 տարի։ Տերեւները հավաքում են մայիս-հունիս ամիսներին՝ ձեռքով եւ չորացնում արեւից ու քամուց պաշտպանված տարածքում։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
23.06.2015