Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է հաջողվել ԵԽԽՎ զեկույցից հանել «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից› եզրույթը

Հունիս 23,2015 22:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում ձայների 140 «կողմ», 13 «դեմ», 8 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը: Նախապես այս զեկույցում տեղ էր գտել «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից» եզրույթը:

Քիչ առաջ Aravot.am-ին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս եզրույթը փոխարինվել է «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» ձևակերպումով և վեհաժողովը հենց այդ տեսքով էլ ընդունել է զեկույցը:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հաջողվել դա անել, հայաստանյան պատվիրակությո՞ւնն է հատուկ աշխատանք տարել, թե՞ ԵԽԽՎ պատվիրակներն են խելքի եկել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ներկայացված էին մի շարք փոփոխություններ և′ հայկական պատվիրակության, և′ ԵԽԽՎ այլ անդամների կողմից:

Ինքս եմ ներկայացրել փոփոխության առաջարկությունը: Չափազանց բարդ էր ամբողջ գործընթացը, իրականում փոփոխությունների մի քանի տարբերակ էր ներկայացված՝ հանել ողջ պարբերությունը, փոխարինել այլ բառապաշարով, որը համապատասխանում է ԵԱՀԿ մինսկի խմբի չափանիշներին: Ձայների հարաբերակցությունը շատ մոտ էր: Մի քանի առաջարկներ մերժվեցին 81/81  ձայների բաշխվածության պարագայում, կամ 78/83 հարաբերակցությամբ»:

Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանցի լոբբիստները կենտրոնացրել էին իրենց ողջ ուժերը ամբողջ ծավալով:

Նա տեղեկացրեց, որ դեռ առավոտյան մոնիտորինգային հանձնաժողովը ընդունել էր փոփոխությունը և որոշում էր կայացվել զեկույցից հանել Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդրահարույց եզրույթը: Սակայն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի փոխանցմամբ՝ Ադրբեջանը, դեմ գնալով, վեհաժողովի սկզբունքներին, համաձայն որի՝ քվեարկությունը կատարվում է մոնիտորինգային հանձնաժողովի որոշմանը համահունչ, ցանկանում էր անել ամեն ինչ, որ այլ քվեարկություն իրականանա, ինչը նրանց չհաջողվեց:

Գործոնների շարքում Արփինե Հովհաննիսյանը նշեց հետևյալը. «Առաջին հերթին հայկական պատվիրակության ջանքերը, հսկայական աշխատանք է տարվել մեր դիվանագիտական ներկայացուցչության, ԱԳՆ-ի կողմից: Ի վերջո գործոն էր նաև ԵԽԽՎ մի շարք պատվիրակների ողջամտությունը, որոնք հասկանում էին, թե իրականում ինչ է կատարվում, այլ ոչ թե ստանձնել էին Ադրբեջանի փաստաբանների դերը, ինչպես որոշները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930