Գյումրեցի 12 ակտիվիստների բերման ենթարկելուց, խուլիգանության փաստի առթիվ քրեական գործ հարուցելուց ու նրանց ազատ արձակելուց հետո մեծ թվով գյումրեցիներ, հիմնականում քաղաքի երիտասարդությունը դարձյալ ոտքի է կանգնել: Նույնիսկ նրանք, որոնք նախորդ օրերին ամենուր դժգոհում էին ապիկար իշխանություններից, սակայն չէին միանում երթին, այսօր եկել էին իրենց բողոքը ձայնը հայտնելու:
Նրանք ոստիկանների ուղեկցությամբ շարժվում են քաղաքի կենտրոնական հատվածներով ՝ կոչ անելով գյումրեցիներին միանալ, տանը չնստել: «Չենք վճարելու», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ամոթ, ամոթ» բացականչություններով գյումրեցիները արտահայտում են իրենց բողոքի ձայնը:
Կարդացեք նաև
Նրանք Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցու բակում աղոթք արեցին, այնուհետ քայլելով Գյումրիի կենտրոնական հատվածներով՝ հայրենասիրական երգեր երգեցին: Մի պահ կանգնելով Թատերական հրապարակում ու դարձյալ խրոխտ երգեր կատարելով, նորից շարունակեցին երթը:
Նկատենք, որ բերման ենթարկված երիտասարդները անկոտրում են, նրանք ասում են, որ ունեն հստակ պահանջ եւ այդ պահանջը խուլիգանություն որակելը առնվազն աբսուրդ է:
Նշենք, որ այսօր քրեական գործ է հարուցվել տնտեսագետ Կարեն Պետրոսյանի նկատմամբ, նրան ազատ են արձակել ստորագրություն վերցնելով երկրից չհեռանալու մասին, սակայն հավատացյալ ու հայրենասեր այս երիտասարդը նույն ոգով շարունակում է պայքարը: Գյումրիում այս պահին վերհիշել են բոլոր հայրենասիրական երգերը, մի տեսակ հուզիչ տեսարան է այս քաղաքում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ