Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) լիագումար նիստում քննարկում է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը:
Բանաձևում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում բարեփոխումներ իրականացնել անկախ դատական համակարգի ապահովման համար: Նշվում է, որ թեև բոլոր ջանքերին, Ադրբեջանում նկատվում է անկախ դատական համակարգի բացակայություն: Բանաձևում խիստ մտահոգություն է հայտնվում լրագրողների, իրավապաշտպանների և ազատ մամուլի նկատմամբ գոյություն ունեցող ճնշումների վերաբերյալ:
Կոչ է արվում շտապ ազատ արձակել բոլոր այն քաղաքացիական ակտիվիստներին, իրավապաշտպաններին ու լրագրողներին, որոնք գտնվում են Ադրբեջանի բանտերում:
Համազեկուցող Հոլանդիայի ներկայացուցիչ Թադեուս Իվինսկին, սակայն, զեկույցը ներկայացնելուց հետո հիշատակեց ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով և նշեց, որ Ադրբեջանում գոյություն ունեցող փախստականների խնդիրները հաճախ խանգարում են երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը: Մակեդոնացի պատվիրակ Ալեքսանդր Նիկոլսկին լուրջ մտահոգություն հայտնեց այն մասին, որ Ադրբեջանում փակվում է ԵԱՀԿ գրասենյակը: Սակայն Նիկոլսկին ևս օրինակ բերեց ՄԻԵԴ-ի որոշումը՝ «Չիրագովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ու շեշտեց, թե այս գործում արծարծված փախստականների խնդիրը խանգարում է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը:
Կարդացեք նաև
Ֆրանսիացի և գերմանացի պատվիրակներ Նիկոլ Դյուրանտոն և Ֆրանկ Շվաբեն հայտարարեցին, թե զեկույցում չպետք է ներգրավվի Ղարաբաղյան հակամարտության թեման ու պատճառաբանեցին, թե Ադրբեջանն անընդհատ այն օգտագործում է որպես արդարացում ժողովրդավարական ինստիտուտների ոչ բավարար գործունեության վերաբերյալ:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում նկատեց, որ հնչած հայտարարությունների միակ նպատակը Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալն էր, առաջինը Հայաստանի վրա հարձակվելով, երկրորդ արդարացնելով և քողարկելով մարդու իրավունքների շարունակական խախտումները Ադրբեջանում, ինչը թույլ է տալիս ինձ զեկուցողներին հիշեցնել զեկույցի վերտառությունը»։ Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այս զեկույցը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չէ, այլ Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների գործունեության մասին:
Այնուհետև պատգամավորը շեշտեց, որ չի կարող զեկույցում տեղ գտնել «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից›› եզրույթը, քանի որ այն ԼՂ վերաբերյալ նախկինում երբևիցե չի օգտագործվել որևէ միջազգային կազմակերպության կամ այլ կառույցի կողմից: Ամփոփելով Արփինե Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց. «Քաղաքական մարմնում Լեռնային Ղարաբաղի հարցը գրչի մեկ հարվածով լուծելու փորձերը ոչ միայն հղի են անկանխատեսելի հետևանքներով, այլ կարող են ի չիք դարձնել ողջ բանակցային գործընթացը»:
Նշենք, որ այժմ վեհաժողովը քվեարկության է դրել «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը:Նշենք, որ զեկույցը ընդունվեց «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» ձևակերպումով՝ «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից›› եզրույթի փոխարեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ