Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե Ադրբեջանի Ղազախի շրջանում երկու ժամկետայիններ՝ կրտսեր սերժանտ Մուսա Սաբիրօղլու Մուսաեւն ու Թուրալ Սահիբօղլու Յոլչուեը մոլորվել են, անցել են Հայաստանի տարածք:
Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին, հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից:
Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում Ադրբեջանական կողմին հայտնի են:
Հայտնում ենք, որ հայկական կողմում որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել»: