Ստրասբուրգում շարունակվում են երեկ մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները: Այսօր, հունիսի 23 –ին, ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկման դրվեց «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը փոխանցվեց քարտուղարությանը` շեշտադրելով հայկական պատվիրակության դժգոհությունը զեկույցի առնչությամբ:
Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի գործընկերներ,
Պարոն Ագրամունտի և պարոն Իվինսկու կողմից մշակված` ,, Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության,, վերաբերյալ զեկույցը ափսոսանք և դառնություն է առաջացնում: Համազեկուցողները բացարձակ անտեսել են Վեհաժողովի արժեքներն ու սկզբունքները:
Կարդացեք նաև
Խորը մտահոգության և հիասթափության առիթ է այն, որ զեկույցը զուրկ է Ադրբեջանում քաղաքական իրավիճակի ադեկվատ արտացոլումից` մարդու իրավունքների և ժողովրդավարության առումով: Փաստաթղթի հիմնական էությունը պետք է լիներ երկրում ժողովրդավարական կառույցների վիճակը, փոխարենը` զեկույցի հենց առաջին պարբերության մեջ հեղինակները անդրադառնում են էներգետիկ ռեսուրսներին, որոնք «առանցքային դեր» են խաղում երկրում, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նրանք փորձում են ,,աշխարհաքաղաքական պատճառներով,, արդարացնել դատապարտելի իրավիճակը հիմնարար ազատությունների ոլորտում, ինչը որեւէ առնչություն չունի ժողովրդավարական հաստատությունների գործունեության հետ` առկա ներքին քաղաքական խնդիրների ողջ պատասխանատվությունը գցելով Հայաստանի ու հայերի վրա: Սա պարզ արտացոլումն է Ադրբեջանի պետական քարոզչության:
Ինչպե՞ս կարող է պարոն Ագրամունտի և պարոն Իվինսկու դիրքորոշումն այդքան տարբերվել մարդու իրավունքների Հանձնակատար Մուիժնիեկսի և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի գնահատականներից, ովքեր խստորեն դատապարտել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ներառյալ` հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությունը: Այդուհանդերձ, զեկուցողները որևէ մտահոգություն չեն հայտնում երկրում ստեղծված իրավիճակի աննախադեպ բացասական գնահատականների շուրջ, որոնք տրվել են մարդու իրավունքների միջազգային դիտորդների կողմից:
Բավական տխրեցնող է, որ ադրբեջանական քարոզչության սիրված դրույթները հնչեցնելով` մեր գործընկերները իրենց ցուցադրել են որպես ադրբեջանական ավտորիտար ռեժիմի անձնական ներկայացուցիչներ:
Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս` զեկուցողները ամբողջությամբ անտեսել են միջազգային հանրության` մասնավորապես խնդրին առնչվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը: Զեկույցում տեղ գտած ձևակերպումը բավականին միակողմանի է: Հետևաբար, փաստաթղթում չի կարելի չնկատել հակահայկական կեցվածքն ու կողմնակալությունը և զեկուցողների հուսահատ փորձերը` շեղելու Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվությունը երկրում առկա խնդիրներից, այդ թվում` մարդու իրավունքների սարսափելի վիճակից: Այս երկրի իշխանությունները ամեն ժողովրդավարականի ժխտման քաղաքականության գագաթնակետին են: Վերջերս նրանք ԵԱՀԿ-ին մեկ ամիս ժամանակ են տվել` դադարեցնելու իր գործունեությունը երկրում: Եվ սա նախքան խորհրդարանական ընտրությունների ամիսներն են, որոնք տեղի են ունենալու այս տարվա աշնանը: Պատկերը շատ պարզ է` ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ –ի դիտորդական առաքելությունը չի ողջունվում Ադրբեջանում:
Այնպես որ, փաստերը հստակ հարց են առաջացնում` ինչպե՞ս կարող է հանդուրժվել Եվրոպայի խորհրդի անդամ պետության նման վարքագիծը:
Մենք կոչ ենք անում գործընկերներին հավատարիմ մնալ ԵԽԽՎ առաքելությանն ու նպատակներին և խուսափել կողմնակալ ու կոռումպացված փաստաթղթերի ընդունումից , ինչը վարկաբեկում է մեր կազմակերպությանը: