Այսօր «Հայելի» ակումբում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը պատմեց, թե ինչպիսի ապօրինություններ են թույլ տվել ոստիկանները, երբ նա փորձում էր պաշտպանել իր վստահորդ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակից ու բերման ենթարկված Հովհաննես Իշխանյանի շահերը:
Ռեւազյանի բնութագրմամբ՝ ընդհանուր առմամբ ոստիկանությունը հանցագործություն է կատարել եւ Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է զբաղվել այս գործով:
https://www.youtube.com/watch?v=3XWYA0SENd8&feature=youtu.be
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Հետք» պարբերականի լրագրող եւ փաստաբան Գրիշա Բալասանյանն ասաց, որ ինքը փորձում էր պաշտպանել նույն պարբերականի լրագրող Հրանտ Գալստյանի շահերը, որին ոստիկանները բերման էին ենթարկել Մալաթիայի բաժանմունք: Այստեղ ոստիկանները թույլ չեն տվել Գրիշա Բալասանյանին հանդիպել իր վստահորդի հետ, եւ միայն Ոստիկանության թեժ գիծ ու ՄԻՊ գրասենյակ զանգելուց հետո Բալասանյանին թույլ են տվել ներս մտնել. «Ես տեսա մի խումբ ազատազրկված վկաների, նրանց տեղաշարժը սահմանափակել էին ոստիկանությունում, նրանց թույլ չէին տալիս ներս ու դուրս անել, սա օրենքի կոպիտ խախտում է: Հրանտ Գալստյանն ի սկզբանե չգիտեր թե ինքն ինչ կարգավիճակում է՝ վկայի՞, թե՞ բերման ենթարկվածի, նրան 7-8 ժամ պահել են բաժանմունքում»:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=mO-l7ez29R0&feature=youtu.be
«Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանն էլ պատմեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում մի ոստիկան «արայով» դիմելով 1in.am-ի լրագրողին՝ տեսախցիկն ու բեյջը ձեռքից խլել է: Անի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ոստիկանությունում կոպիտ, անհարգալից են վերաբերվել:
https://www.youtube.com/watch?v=Yk7oN1a_0WY&feature=youtu.be
Aravot.am-ի հարցին՝ թե ինչ քայլեր է ձեռնարկելու լրագրողը, եւ արդյոք վստահություն կա՞ որ որեւէ ոստիկան կպատժվի լրագրողների աշխատանքները խոչընդոտելու համար, Անի Հովհաննիսյանն ասաց՝ թեեւ վստահություն չունի դատական համակարգի հանդեպ, այնուամենայնիվ շարունակելու է պայքարել.«Այսօրվանից ես բացարձակ անհարգալից վերաբերմունք ունեմ ոստիկանական համակարգի հանդեպ: Իմ խոսքի ազատության միակ պաշտպանը ես եմ»:
Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն էլ նշեց, որ եթե ցույցն արգելված է, սակայն այն խաղաղ է, ոստիկաններն այն ցրելու իրավունք չունեին, իսկ երեկվա ցույցը խաղաղ էր:
Ռեւզայանի խոսքերով՝ եթե ցույցում «սադրիչներ» կային, որոնք փորձում էին հրահրել ոստիկաններին, ապա ոստիկանությունը պարտավոր էր այդ սադրիչներին ցույից հանել, բայց ոչ թե ցրել ամբողջ ակցիան:
Պարոն Ռեւազյանն ասաց, որ ոստիկանության կողմից բազմաթիվ խախտումներ են թույլ տրվել, ինչի համար իրենց կոմիտեն դիմելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ