Վերջին օրերին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կազմակերպեցին բողոքի գործողություններ, պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության բնակչության մեծամասնության ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ:
Հունիսի 22-ին ոստիկանությունը ցրեց ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ, այլեւ տուժեց երկրի վարկը, կրկին անգամ խաթարվեց հասարակական հանդուրժողականության մթնոլորտը:
Ստեղծված իրավիճակը հաղթահարելու եւ լարվածության հետագա խորացումից խուսափելու նպատակով պահանջում ենք՝ որպես առաջնահերթ քայլ ազատ արձակել բոլոր կալանավորվածներին: Անհրաժեշտ է առանձին քննության նյութ դարձնել ոստիկանության կողմից անհամարժեք ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք:
Իշխանությունները պարտավոր են կատարվածի հետ կապված հետագա գործողությունները իրականացնել լիարժեք հրապարակայնության պայմաններում, ինչպես եւ քննության նյութ դարձնել հասարակայնության ներկայացուցիչների արդարացի պահանջները:
Կարդացեք նաև
Միաժամանակ կոչ ենք անում բոլորին ձեռնպահ մնալ լարվածության հետագա սրմանը, հասարակության պառակտմանը, երկրի վարկին ու հեղինակությանը հարվածող եւ հավանական միջամտությունների առիթ տվող գործողություններից:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն