Հունիսի 23-ի լուսաբացին, ժամը 05.30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրել է «Ոչ թալանին» հասարակական նախաձեռնության և նրան համերաշխություն հայտնած բազմաթիվ քաղաքացիների կողմից Բաղրամյան պողոտայում սկսված և բացառապես խաղաղ բնույթ կրող նստացույցը: Պաշտոնական տվյալներով ձերբակալվել են 237 քաղաքացիներ, ևս 25-ը գտնվում են հիվանդանոցներում` տարբեր աստիճանի վնասվածքներով: Ոստիկանական օպերացիային ներգրավվել են նաև քաղաքացիական և առանց տարբերանշանի հագուստով անձինք, ինչը օրենքի մեկ այլ կոպիտ խախտում է:
Խաղաղ հավաքի ցրումն ուղեկցվել է ուժի անհամաչափ կիրառմամբ, միջոցառումը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմամբ ու նրանց մասնագիտական գործիքների ավերմամբ ու առգրավմամբ, հատուկ գործողությունից հետո Երևանի կենտրոնում քաղաքացիների նկատմամբ հետապնդումներով ու բռնություններով:
Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով իրագործված այս բացահայտ հակասահմանադրական ու հակաօրինական գործողությունն ունի մեկ նպատակ. հասարակության շրջանում վախի զգացումը խորացնելու միջոցով ամեն գնով կանխել վարչախմբի նկատմամբ դժգոհության ու բողոքի որևէ ալիք: Կատարելապես ձախողվելով պետության կառավարման, ժողովրդավարության, տնտեսության և մնացյալ բոլոր ոլորտներում, գործող իշխանությունները իրավացիորեն վաստակել են Հայաստանի քաղաքացիների ու հայ ժողովրդի ատելությունը: Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը, Հայաստանի հետ կապված են միայն մեկ շահադիտությամբ` ամեն գնով պահել իշխանությունը և չգնալ որևէ զիջման, դա համարելով իշխանության կորստի սկիզբ: Նույն այս վարչախումբն իր քարոզչամիջոցների օգնությամբ տարիներ շարունակ «քաջալերում» էր քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում` հակադրելով այն քաղաքականին, որն, իբր, ապակայունացնում է ներքաղաքական իրավիճակը, ջուր լցնում թշնամու ջրաղացին: Սրա նպատակը քաղաքական շարժումների ու միավորների նկատմամբ անվստահություն սերմանելն էր և հասարակության շրջանում պառակտում մտցնելը: Սակայն բավական էր, որ քաղաքացիական շարժումները և քաղաքացիները ևս կոշտ պայքարի դուրս գան իշխանության դեմ, մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով, և Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը նույնպիսի ապօրինություններ սկսեցին գործել նրանց նկատմամբ:
Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Սերժ Սարգսյանի հրահանգով իրագործված խաղաղ նստացույցի ցրումը, պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածների ու պատասխանատվության ենթարկել քաղաքացիների, լրագրողների իրավունքները ոտնահարած բոլոր պատասխանատուներին:
Կոնգրեսը նաև իր համերաշխությունն է հայտնում իրենց իրավունքների համար պայքարի ելած քաղաքացիներին: Այսօրվա իրադարձությունները եկան ապացուցելու, որ հայաստանյան հասարակությունը հաղթահարել է վախի զգացումը և օժտված է քաղաքացիական բարձր գիտակցությամբ: Գործող իշխանությունը թույլ է ավելի, քան երբևէ, և քաղաքական և քաղաքացիական ուժերի օրակարգում այլևս պետք է լինի մեկ խնդիր` Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից: Նման համատեղ օրակարգի ձևավորումն իշխանափոխությունը կդարձնի մոտ ապագայի հարց:
Հայ Ազգային Կոնգրես