Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում նախ՝ հանդիսականը, մեղմ ասած, այնքան էլ բարեհամբույր չէ Հայաստանի ներկայացուցիչների հանդեպ, ապա՝ մրցավարությունը ժամանակ առ ժամանակ անկողմնակալ չէ: Այս մասին խոսվել է նաեւ հայկական հեռուստաեթերում:
Որ, ի տարբերություն Հայաստանում ադրբեջանցիների մասնակցությամբ անցկացված միջազգային մրցումների, որտեղ նրանց մարզիկները մեդալներ էլ են նվաճել, նույնիսկ չեմպիոն դարձել, նման բաներ կատարվելու էին հարեւան երկրում, մեզանից ոչ-ոք չէր էլ կասկածում: Ի վնաս հայաստանցիների իրականացվելիք մրցավարության մասին խոսվել է դեռ մեր մարզիկների՝ Բաքու մեկնելուց առաջ, որին ի պատասխան հայտարարվել է, թե Հայաստանի մարզական ղեկավարությունն այդ խնդրի շուրջ աշխատում է միջազգային ու եվրոպական մարզական կառույցների հետ: Եվ իրոք: Այսօր էլ մեր պատվիրակության ղեկավարները Բաքվում բավականին լուրջ ամենօրյա գործունեություն իրականացնում են:
Մասնավորապես, Aravot.am-ին հասած տեղեկություններով, նրանք հատկապես ըմբշամարտի, բռնցքամարտի եւ սամբոյի մրցումների օրերին մերոնց մեկնարկներից առաջ մեկ անգամ չէ, որ ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկիին հորդորել են՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնել մեր մի քանի առաջատար մարզիկների մրցելույթների ընթացքում մրցավարությանը՝ նկատի ունենալով, որ դեպի պատվո պատվանդան տանող ճանապարհը նրանց առջեւ կեսից կարող է փակվել: Սպորտում մրցավարական մեծ ու փոքր «սխալներն ու վրիպումները» իսպառ բացառել հնարավոր չէ: Մանավանդ, եթե մրցումն Ադրբեջանում է անցկացվում: Այլ հարց է, թե մեր մարզիկներից ով՝ որքանով կարողացավ իրեն դրսեւորել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ