«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը խստորեն դատապարտում է այսօր լուսաբացին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ խաղաղ բողոքի ցույց անցկացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունը:
Ցուցարարների նկատմամբ իրավապահ մարմինները անհամաչափ ուժ են կիրառել, որի արդյունքում հավաքի 250-ից ավելի մասնակիցներ և լրագրողներ բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ: Պահանջում ենք, նախ, ազատ արձակել բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին, ապաև միջոցներ ձեռնարկել քաղաքացիների բողոքի արտահայտման սահմանադրական իրավունքների պաշտպանության համար:
«Հայկական վերածնունդ» միավորումը անթույլատրելի ու դատապարտելի է համարում սոցիալ-տնտեսական և տարրաբնույթ այլ խնդիրների հետ կապված մարդկանց արդարացի բողոքի ձայնը բռնությունների և ուժի միջոցով կասեցնելու ցանկացած փորձ:
Եվս մեկ անգամ ահազանգում ենք, որ օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական բացասական միտումների պայմաններում էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացումը լրջագույն սպառնալիք է առանց այն էլ կաթվածահար եղած Հայաստանի տնտեսության և իր գոյությունը դժվարությամբ պահող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների համար:
Կարդացեք նաև
«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման մամուլի ծառայություն