Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «ՀՀ իշխանությունները պաշտպանեցին ռուսական կոռուպցիոն համակարգի շահերը»

Հունիս 23,2015 16:30

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Aravot.am»-ի հետ զրույցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան ցրելու փաստին անդրադառնալով` խստորեն դատապարտեց այսօր առավոտյան ոստիկանության գործողությունները Բաղրամյան պողոտայում: «Խաղաղ ցուցարարների պահանջն արդարացի է, դա մեր ողջ հանրության պահանջն է: Կոչ եմ անում, անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին եւ ձերբակալվածներին», նշեց նա:

Այնուհետեւ Դավիթ Շահնազարյանը հավելեց. «Ըստ էության, Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով պաշտպանեցին ռուսական կոռուպցիոն համակարգի շահերը Հայաստանում: Մեր պետության տնտեսության զգալի հատվածը տնօրինում են ռուսական պետական ընկերությունները, որոնց համար առաջնայինը ոչ թե բիզնես շահերն են, այլ քաղաքական ներկայությունն ու կոռուպցիոն շահերը, եւ հիմա նրանց հիմնական խնդիրն է` քամել Հայաստանը ֆինանսապես, դրանով իսկ մեծացնելով արտագաղթը»:

Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ քաղաքացիական նախաձեռնությունները, շարժումները մոտ ապագայում ձեռք կբերեն ավելի կազմակերպված ձեւ եւ կհասունանա այն գիտակցությունը, որ բոլոր խնդիրները մենք կարող ենք լուծել` վերահաստատելով մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը: «Մենք ունենք բավական հասուն ու լուրջ երիտասարդություն, որով պետք է հպարտանալ: Այս երիտասարդությունը, որ անկախության սերունդն է, պետք է վերանվաճի մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը»:

Շահնազարյանի համոզմամբ, տեղի ունեցած իրադարձությունները իշխանությունների կատարած քաղաքակրթական ընտրության հետեւանքն են, որի արդյունքում Հայաստանն անդամակցեց Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը. «Ակնհայտ է, որ համապարփակ լուծումերը, ոչ թե անընդհատ խորացող սոցիալական ու տնտեսական խնդիրներն են, այլ առաջին հերթին արտաքին եւ դրանից բխող ներքին քաղաքական մարտահրավերները: Իրենց գործողություններով իշխանություններն ավելի խորացրեցին Հայաստանի կարգավիճակը` որպես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկիր, ավելի հեռացրեցին Հայաստանը քաղաքակիրթ աշխարհից եւ նոր ու շատ լուրջ խոչընդոտներ ստեղծեցին ԵՄ, եվրոպական երկրների ու միջազգային կառույցների հետ մեր հարաբերություններում»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի պարոն Դավիթ Շահնազարյան:Իմ կարծիքով լավ սկսեցիք,բայց վատ վերջացրիք. Մասնավորապես՝ ես չեմ ուզում որ մենք ունենանք «եւրոպական արժեքներ»:Դուք էլ շատ լավ գիտեք,(իսկ եթե չգիտեք՝ ավելի վատ՞՞՞),որ մերձենալով Եւրոպային,ուզես թե չուզես պիտի «պարես նրա դուդուկի տակ»,կնշանակի,Հայաստանում էլ պիտի լինի ծնող 1,ծնող 2 եւ ,եւ եւ այլ այլասեռություններ,որոնք օրեցոր ծաղկում են Եւրոպայում, եւ որ Դուք ինձանից վատ չգիտեք:Ես կուզենայի Հայաստանը լիներ անկախ,բայց մտերիմ բոլոր պետությունների հետ:Շնորհակալ կլինեի եթե արդարացված ժխտեիք իմ տեսակետը:Հարգանքներս:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930