Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնից ազատ են արձակել բերման ենթարկված բոլոր 12 ակտիվիստներին, որոնք երեկվանից Թատերական հրապարակում նստացույց էին անցկացնում:
Հիշեցնենք, որ այս երիտասարդները, որոնց թվում են Գյումրիի տարբեր բուհերի հարգված դասախոսներ, մի քանի օր է` քայլերթով ու ավտոերթով պայքարում էին հոսանքի թանկացման դեմ:
Այսօր առավոտյան Թատերական հրապարակից նրանց բռնի կերպով նստեցնելով ոստիկանական մեքենաները` տարել էին Կումայրիի բաժին: Նրանց հերթով ազատ էին արձակել, իհարկե քրեական գործ հարուցելով խուլիգանության փաստի առթիվ ու առգրավելով նրանց հագուստները:
Նշենք, որ ամենավերջում ազատ արձակեցին Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանին, սակայն, նրան բաց են թողել ստորագրությամբ, երկրից չհեռանալու պայմանով: Նա կասկածյալ է: Այս երիտասարդին աչքի տակ էին առել դեռևս Շիրակի փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանի հետ բախումից հետո: Երթի ժամանակ փոխոստիկանապետը գնդապետին ոչ վայել պահվածքով ու բառապաշարով փորձեց խոսել Կարեն Պետրոսյանի հետ, նրան անձնական վիրավորանքներ հասցնելով, որը վրդովմունք առաջացրեց մյուս երիտասարդների մոտ: Վահրամ Ենգոյանը դեռևս 3 օր առաջ ամեն ինչ անում էր նրա մեքենան ապօրինաբար տուգանային հրապարակ տանելու ու Կարեն Պետրոսյանին պատժելու համար:
Կարդացեք նաև
Բողոքի ակցիաներն այսօր կշարունակվեն Գյումրու Թատերական հրապարակում, քաղաքի ճանաչված մտավորականներին բերման ենթարկելու փաստը մեծ զայրույթ է առաջացրել Գյումրիում:
Հիշեցնենք նաև, որ Գյումրիի այդ նույն ոստիկանները, որոնք նախորդ օրը ուղեկցում էին երթի մասնակիցներին, երբեմն չէին թաքցնում իրենց համաձայնությունը բողոքավորների հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները` Լուիզա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից