Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյանին ստիպել են հեռախոսի մարտկոցը հանել, սպառնացել են ձերբակալել, եթե նարկոլոգիականում չհետազոտվի

Հունիս 23,2015 15:49

Ոստիկանության Շենգավիթի բաժանմունք բերման ենթարկված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակից Հովհաննես Իշխանյանն  Aravot.am-ին պատմեց, որ երբ իրեն բաժանմունք են տարել օրինական պահանջը չկատարելու հիմքով, քննիչների սենյակ է մտել մի ոստիկան եւ ասել, որ արձանագրության հիմքը փոխեն դարձնեն՝  խուլիգանության եւ թմրանյութի օգտագործման կասկածանքով:

«1 ժամ չեն թողել փաստաբանս ներս մտնի, 2 ոստիկան ձեռքերս բռնած տանում էին, երբ շենքից դուրս եկա, փաստաբանս դրսում հարցրեց՝ որտե՞ղ եք տանում: Ոստիկանները հրաժարվում էին սկզբում պատասխանել, հետո ասացին, որ տանում են հետազոտման՝ թմրանյութի օգտագործման: Փաստաբանս պնդեց չտանել, հետո ներս մտանք բաժանմունքի շենք: Քննիչի մոտ տարան ինձ ու պարզվեց, որ ինձ որպես վկա են տարել, հարցաքննում են որպես վկա: 6 ժամից ավել այնտեղ էի, իմ փաստաբանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմքով եք տանում հետազոտման, եթե վկա եք հարցաքննում: Եթե չեմ սխալվում՝ Արայիկ Թամրազյան ներկայացած ոստիկանը չկարողացավ պատասխանել հարցին»,-պատմեց Իշխանյանը:

Նրա խոսքերով՝ սկզբում վստահեցրել են, որ ազատ են, կարող են գնալ, բայց հետո տարել են ոստիկանության բաժանմունքի մեկ այլ սենյակ, այդ ընթացքում Իշխանյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը սենյակից դուրս է եկել, ապա միջանցքում գոռգոռցներ ու բղավոցներ են լսվել, Իշխանյանին, սակայն թույլ չեն տվել սենյակից դուրս, երբ վերջինս ցանկություն է հայտնել դուրս գալ եւ տեղեկանալ, թե ինչ է կատարվում միջանցքում. «Այդ ոստիկանն ասում էր՝ ամեն ինչ լավ է: Ինքը դուրս եկավ ու հետո ներս մտավ ու ինձ հանեց դուրս, ինձ շրջապատել են շատ ոստիկաններ, ապա ասացին՝ հեռախոսիդ ակումուլյատորը հանի, քեզ տանում ենք հետազոտման: Ես պնդեցի, որ հեռախոսս չեմ տա, հարցնում էի՝ ուր է իմ փաստաբանը, ինձ մեկուսացրել եք իմ փաստաբանից: Ոստիկանն ասաց՝ է, թող գա փաստաբանդ: Մինչդեռ իրենք իմ փաստաբանին հրելով տարածքից հեռացրել են, որ ինձ հանգիստ տանեն հետազոտման»:

Հովհաննես Իշխանյանի պատմելով՝ ի վերջո նրան ոստիկանները տարել են նարկոլոգիական կլինիկա, եւ երբ նորից սկսել էին հարցուփորձ անել, Իշխանյանը հրաժարվել է արձանագրությունը ստորագրել եւ անալիզներ հանձնել. «Թամրազյանին էլ ասացի, որ չեմ հանձնելու, 6 ժամից ավելի այստեղ եմ: Նա էլ սկսեց վախեցնել ինձ, ասելով՝ կձերբակալենք, եթե հրաժարվում ես անալիզներ հանձնել»:

Հովհաննես Իշխանյանից մեզի անալիզ եւ մազից մի փոքր հատված կտրելուց եւ վերցնելուց հետո ազատ են թողել: Իշխանյանի ներկայացմամբ՝ իր նկատմամբ գործ հարուցված չէ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930