«Ես ունեմ մեկ խնդիր. բոլորին ազատ արձակել»,- լրագրողների հետ զրույցում ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից դուրս գալուց հետո ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նա հայտարարեց, որ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներից ոչ մեկը հանցագործություն չի կատարել եւ որեւէ մեկի նկատմամբ իրավունք չունեն քրեական գործ հարուցել. «Մեր պահանջը հետեւյալն է՝ մենք չենք մտնում իրավաբանական ձեւակերպումների մեջ: Որքան հնարավոր է՝ արագ բաց թողեք բոլորին: Այդքան բան»:
Արամ Մանուկյանը հավելեց, որ մարդիկ մասնակցել են խաղաղ ցույցի, մարդիկ հետապնդվել են, լրագրողները՝ իրենց գործունեության համար կորցրել են իրենց սարքերը ու ծեծի են ենթարկվել: Իրենց պահանջն է պարզապես բոլորին ազատ արձակել:
«Մենք խոսում ենք իշխանության հետ, իշխանությունը պարտավոր է բաց թողնել բոլորին: Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում լսվում է նաեւ այդ հարցը եւ մեր պատգամավորներն այնտեղ զեկուցելու են: Մենք իրենց զգուշացրել ենք ամեն ինչ արագ անել, որպեսզի Հայաստանի զեկույցում չերեւա, որ 250 հոգի բերման են ենթարկվել»:
Կարդացեք նաև
Նա լրագրողներին տեղեկացրեց, որ ոստիկանության բաժանմունքում կա նաեւ մի կին՝ 14 տարեկան անչափահասի հետ. «Ես հայտարարեցի՝ այստեղ նստում եմ մինչեւ այդ երեխան այստեղից դուրս գա: Երկու րոպե տեւեց, երեխային ազատում են: Այսինքն՝ մենք չենք եկել նրանց հետ քննարկելու, մենք գալիս ենք ասելու, որ ձեր արածը արած չի, որքան հնարավոր է արագ բաց թողեք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ