Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնյաների զոքանչներն ու երեխաները կդառնան թեկնածու ու դոկտոր». Աշոտյանի օրենքը չընդունվեց

Հունիս 23,2015 15:21

ԱԺ-ում քննարկվեց «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ինչպես տեղեկացրել ենք, նախագծով կառավարությունն առաջարկում է սահմանել, որ բարձրաստիճան պաշտոնական անձինք գիտական աստիճանի չեն կարող հավակնել: Երկրի շուրջ 500 պաշտոնյաները իրավունք չեն ունենա իրենց պաշտոնավարման ընթացքում գիտական աստիճաններ ստանալ, բայց կարող են շարունակել զբաղվել գիտական աշխատանքով:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բացատրեց, որ պաշտոնատար անձինք, օրինակ, էթիկայի հանձնաժողովին ներկայացնում են եկամուտների հայտարարագիր: Արծվիկ Մինասյանին այս բացատրությունը տարօրինակ թվաց. «Հայտարարագիր ներկայացնում են նաեւ նրանց հետ փոխկապակցված անձինք, բերեք նրանց էլ արգելեք գիտական աստիճան ստանալ, իրավունք չունեն պաշտպանելու: Այս ձեւակերպումն ո՞ւր է տանում»:

Ըստ Արծվիկ Մինասյանի, գիտնականը ազատ միտք ունեցողն է, նա չպետք է անընդհատ խոնարհվի վարչական ապարատի առաջ. «Գիտնականին դրել ենք հարվածների տակ, որը պետք է բոլորի հետ լեզու գտնի»:

Նա ասաց, որ Աշոտյանը առաջադեմ հայացքներ ունի, բայց չի հասկանում, թե որտեղից է այս նախագիծն ի հայտ եկել: Արծվիկ Մինասյանը հորդորեց դեմ քվեարկել նախագծին:

Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի, գիտնական լինելը եւ կոչում ստանալը քաղաքական օժիտ չի, որ պաշտոնյան դնի դարակում ու ասի՝ գիտեք, ես մարզպետ եմ, պաշտոնյա եմ եւ գիտնական եմ: Նա ասաց, որ այնուամենայնիվ, սա մեր իրավիճակից բխող նախագիծ է: Մարդու իրավունքների խախտում է, բայց կան մարզպետներ, պաշտոնյաներ, որոնք հենց որպես օժիտի էլ վերաբերվում են գիտական աստիճանին, ուստի ինքը կողմ է օրենքի ընդունմանը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ մեր երկրի 500 բարձրաստիճան պաշտոնյաների մեջ կարող է լինել առավելագույնը 70 ընդդիմություն, 430-ը՝ իշխանություն. «Հետաքրքիր նախադեպ է ԱԺ-ում, երբ ընդդիմությունը խորհրդարանում պայքարում է իշխանավորների իրավունքների համար: Սա ուզում եմ արձանագրել՝ որպես լավ քաղաքական մշակույթ: Բայց տեղին չէ: Հասկանում եմ, որ սահմանափակում ենք ներմուծում: Եթե կարծում եք, որ պետական կառավարման մարմին պետք չէ, եկեք մենք մեր բակերում հավաքվենք ու իրար կոչում շնորհենք: Վերեւի հարեւանը թող լինի ակադեմիկոս, ներքեւինը՝ դոցենտ: Իհարկե, պետք է պետական վերահսկողություն: 2-3 տարի աշխատում ենք այս նախաձեռնության վրա, խնդրեմ աշխատենք միասին, կանոնակարգենք ոլորտը գիտական աստիճանաշնորհման»:

Տեսնելով, որ ԿԳ նախարարը մանրակրկիտ բացատրություններ է տալիս՝ ինչ-որ տեղ շտապող գեներալ Սեյրան Սարոյանը ընդհատեց. «Լավ, համոզեցիք, էլ ի՞նչ»:

Արմեն Աշոտյանն էլ հավաքեց իր թղթերը եւ հեռացավ՝ ասելով. «Լավ, որ գեներալն ասում է համոզեցի, ես կսահմանափակեմ իմ խոսքը եւ կխնդրեմ պատեհ պահին դնել քվեարկության»:

Մինչ քվեարկությունը ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը զգուշացրեց. «Ակնհայտորեն, այս օրենքը դեմ է առողջ տրամաբանությանը: Մենք ուղղակի ընդունում ենք, որ ի վիճակի չենք տարբերել իրական գիտական աշխատանքը եւ վախենում ենք, որ պետական պաշտոնյաներն իրենց լծակները օգտագործելով՝ կդառնան գիտնական: Այս օրենքը ընդունելուց հետո ես երաշխավորում եմ՝ վաղը բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք՝ երեխաները, զոքանչները, բոլորը կդառնան թեկնածու ու դոկտոր: Կոչ եմ անում ընդդիմությանը չքվեարկել այս օրենքին, թող մեծամասնությունը միայնակ անցկացնի»:

Սամվել Ֆարմանյանն էլ կատակեց, որ բարձրագույն պետական այն պաշտոնյաները, որոնք թաքնված լոմոնոսովներ են, կարող են շարունակել իրենց գիտական ուսումնասիրությունները եւ միանգամից ընտրվել ակադեմիայի անդամներ, օրենքը սա չի արգելում:

Քվեարկության արդյունքներով՝ նախագիծը չընդունվեց, կողմ էր քվեարկել 61 պատգամավոր, դեմ 1, մյուսները չէին մասնակցել քվեարկությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930