«Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ ժամը 5:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում էր, որտեղից քաղաքացիական հագուստով մարմնեղ տղաներ էին իջնում ներքեւ: «Ես լուսանկարեցի, թե ինչպես աջ կողմում ինչ-որ մեկին հրեցին, ծեծելով, տարան մեքենա….Իսկական ծեծկռտուք էր Ազատության հրապարակում, թե քաղաքացիական, թե ոստիկանական հագուստով անձինք հայհոյում էին ամենավերջին հայհոյանքներով եւ ամենավերջին դաժանությամբ ծեծում էին ժողովրդին: Ես իմ երկու ընկերների հետ առաջացա, որ դա նկարեմ, մեկ էլ քաղաքացիական հագուստով, թիկնեղ մի մարդ վազելով եկավ դեպի մեզ: Ընդհանրապես նրանք ընկնում էին բոլորի հետեւից ու իրենց համար մեկ էր, թե ով է իրենց առաջ: Երբ այդ տղամարդը ընկավ մեր հետեւից, մենք վազեցինք դեպի Սայաթ -Նովայի փողոց, բայց մեզ բռնեցին: Մեր հետ մի տղա կար, հարձակվեցին նրա վրա, ես ցույց տվեցի իմ լրագրողական փաստաթուղթը, փորձեցի պաշտպանել տղային, թիկնեղ տղամարդն ասաց՝ երեքիդ էլ հիմա բերման կենթարկեմ: Այդ ընթացքում բռնեց մեկ ուրիշին:
Բոլորիս նստեցրին «Գազել» մեքենա ու տարան ոստիկանության Կենտրոնի բաժին: Այնտեղ շատ կոպիտ էին խոսում բոլորի հետ, եթե մեկը երկու բառ ավելի էր խոսում, սպառնում էին, որ ավելի վատ կլինի»,-պատմեց Անին: Նա նաեւ տեղեկացրեց, որ բերման էին ենթարկվել մի քանի այլ լրագրողներ եւս, Կենտրոնի ոստիկանություն էր եկել նաեւ մի կին, ասաց, որ բոլորին բերման են ենթարկել խուլիգանության կասկածանքով, այնտեղ կային լրագրողներ՝ panarmenian.net-ից, 1in.am-ից, ում բեյջը վերցրել, չէին տվել:
«Հետքի» լրագրողի պատմելով, միտումնավոր պատռել են մեկի լրագրողական վկայականը, panarmenian.net -ի լրագրողին քաշքշել: Նրա հավաստմամբ, հետո լրագրողներին ազատել են, ծանոթներով ազատել են նաեւ որոշ բերման ենթարկածների:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ Բանուչյանի