ԱԺ-ում մթնոլորտն արդեն հանդարտվել է եւ սովորական հունով պատգամավորները քննարկում են արտահերթ կարգով կառավարության ներկայացրած նախագծերը:
Քննարկվեց Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ օրինագծով առաջարկվում է հաստատել, որ ՀՀ կառավարությանն է վերապահվում գիտական աստիճանի շնորհման եւ գիտական կոչումների կանոնակարգերի ընդունման լիազորությունները:
Բարձրաստիճան պաշտոնական անձինք գիտական աստիճանի չեն կարող հավակնել, բացառությամբ այն անձանց, որոնց ատենախոսությունները հաստատվել են բուհերի կամ գիտական հաստատությունների կողմից՝ մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելը: Սա նշանակում է, որ երկրի շուրջ 500 պաշտոնյաները իրավունք չեն ունենա իրենց պաշտոնավարման ընթացքում գիտական աստիճաններ ստանալ: Նրանք, իհարկե, կարող են շարունակել զբաղվել գիտական գործունեությամբ: Օրենքը չի տարածվում գիտական կոչումների վրա. «Կարող ենք ունենալ նախարար պրոֆեսոր, բայց չենք կարող ունենալ նախարար, որը դոկտորական կպաշտպանի, քանի դեռ նախարար է»,- ասաց պարոն Աշոտյանը:
Կարդացեք նաև
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց. «Ինչի՞ եք այդ սահմանափակումները կոնկրետ անում: Կա՞ աշխարհում նման փորձ, որ եթե պաշտոն ես վարում, չես կարող գիտական աստիճան ստանալ: Սա սահմանափակում չէ՞, որովհետեւ պաշտոնը ժամանակավոր է»:
Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ սա կառավարության արձագանքն է հասարակական այն քննարկումներին, որոնք պարբերաբար տեղի են ունենում, երբ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնավոր անձը իր գործունեությանը զուգահեռ պաշտպանում է գիտական թեզ եւ ստանում է գիտական աստիճան: Նրանք կարող են տպագրվել գիտական թերթերում եւ հավաքել այն պաշարը, որը պետք կգա նրանց գիտական աստիճան ստանալ պաշտոնավարումից հետո:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ սա ցույց է տալիս՝ որքան խոցելի են մեր գիտական խորհուրդները՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգործությունների հանդեպ: Եթե նրանք իրենց դիրքում լինեին, հազիվ թե կգտնվեին պաշտոնյաներ, որոնք չունենալով մասնագիտական գիտելիքներ եւ օգտագործելով իրենց դիրքն ու ազդեցությունը, կձգտեին ներկայացնել այլոց կողմից գրված գիտական ատենախոսության տեքստեր եւ ստանալ գիտական աստիճան:
Նա առաջարկեց. «Կարելի էր գնալ այլ լուծման: Գիտական ատենախոսությունների պաշտպանությունները լինեին ոչ միայն բաց, այլեւ հրապարակային՝ ԶԼՄ-ների ներկայությամբ: Այդ դեպքում բոլոր այն մարդիկ, որոնք մանկական սեր են ունեցել գիտության հանդեպ, գոնե ամոթի զգացումից ելնելով՝ գուցե չգնային նման քայլի՝ դառնալու պատմաիրավական գիտությունների դոկտորներ»:
Սամվել Ֆարմանյանն ասաց, որ այնուամենայնիվ, նախաձեռնությունը ողջունելի է՝ փրկելու գիտության դեմքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ