Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում բացվել է տարածաշրջանում իր տեսակով եզակի Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա

Հունիս 23,2015 14:07

Այսօր Երևանում տեղի է ունեցել Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,  ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը,  Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Լաբորատորիան բացվել է «Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից` ՀՀ կառավարության հետ համատեղ:

Ծրագրի նպատակն է հնարավորություն ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան վերահսկել վաճառվող թունաքիմիկատների որակը և իրականացնել թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիթորինգ ` գյուղատնտեսական արտադրանքի բարելավման նպատակով:

Շնորհակալություն հայտնելով Հունաստանի կառավարությանը լաբորատորիայի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է  մեզանում նման լաբորատորիայի  կարևորությունը:

«Համոզված եմ, որ այս լաբորատորիան, որն իր տեսակով եզակին է և միակը տարածաշրջանում և հնարավորություն է ստեղծում գերժամանակակից սարքավորումների միջոցով ներկրվող թունաքիմիկատների փորձաքննություն իրականացնել, մեծապես կնպաստի մեր երկրում սննդամթերքի որակի բարելավմանը», – նշել է նախարարը:

Նախարարը շնորհավորել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նման լաբորատորիայի գործարկման առիթով և հույս է հայտնել, որ այն կօգնի հետագա աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:

Իր հերթին ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը հույս է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը այսուհետ ևս կզարգանա ու կընդլայնվի, իսկ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930