Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեր-Եսայան. գրագետ ու կիրթ երիտասարդը պետության հարստությունն է ու չի կարելի նրան նսեմացնել

Հունիս 23,2015 14:02

Այսօր առավոտյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում ցրելուց  հետո ոստիկաններն անցել են իրենց գործողությունների հերթական փուլին: Առավոտվանից մուտքերով, փողոցներով ու բակերով ընկած՝ թրջված մարդ են ման գալիս, որ տանեն ոստիկանական բաժանմունք: «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը Aravot.am-ի հետ զրույցում կատարվածը համարեց իշխանության թուլության նշան ու ասաց. «Իշխանությունը պետք է համբերատար լինի: Սա քաղաքական գործիչների հավաք չէր, սա հասարակական աղմուկ էր, հասարակությունն իր բողոքի ձայն էր բարձրացնում հոսանքի թանկացման հետ կապված: Հասկացանք` ջրել եք, փախել են, բայց հետո փողոցներով, մուտքերով ու բակերով ջրված մարդ ման գալը ո՞րն է, որ տանեն քաղմաս»:

Tigran-Ter-Esayan

Մեր հարցին՝ ի՞նչ գնահատական կտաք նրան, որ ոստիկանական բաժանմունքներում բռնի ուժ են կիրառում իրավապաշտպանների նկատմամբ, նրանց թույլ չեն տալիս հանդիպել իրենց վստահորդներին, պարոն Տեր-Եսայանը պատասխանեց. «Դա իրավական տեսանկյունից թույլատրելի չէ: Բայց բոլորին բաց են թողնելու, ոչ մեկին չեն դատելու, լավագույն դեպքում վարչական տուգանք են նշանակելու: Սա չի խնդիրը, խնդիրն այն է, որ հոսանքի թանկացման հետ կապված էր ժողովուրդը ոտքի ելել, չի կարելի այս պահին հոսանքը թանկացնել, դրան դեմ է նաև իշխանությունը: Մարդիկ դուրս են եկել ժամը 16.00-ին, լուսադեմին, դա ի՞նչ կապ ունի, դա մարդու իրավունքն է իր բողոքն արտահայտել»:

Պարոն Տեր-Եսայանը կարծիք հայտնեց, որ գրագետ ու կիրթ երիտասարդը պետության հարստությունն է ու չի կարելի նրան նսեմացնել. «Պետությունը հարուստ է նրանով, որ ունի կիրթ երիտասարդություն: Օպերան մեր ազգինն է, Բաղրամյան փողոցն էլ է մեր ազգինը: Հոսանքը թանկացնում եք, թանկացրեք, բայց մի հատ մյուս կողմին էլ լսեք: Երիտասարդներին պետք չէ նսեմացնել, հետապնդել, այդ ջահելները մեր ապագան են»:

Պարոն Տեր-Եսայանը վրդովված է, թե այսպես չի կարելի պետություն կառուցել, իշխանությունը պետք է համբերատար լինի. «Բաղրամյան փողոցը դարձել է ռազմավարական նշանակության մի բան, չարիք է դարձել: Բայց ախր Բաղրամյանն էլ է մեր ազգինը, Օպերան էլ, ոստիկանությունն իրավունք չունի ուլտիմատում ներկայացնելու, պետք է համբերատար լինի»:

Պարոն Տեր-Եսայանի կարծիքով` ոստիկանությունը 2003-ի պես այժմ չի ծեծում, այդ ձևերն էլ են սովորել, սովորել են, թե ինչքան ծեծել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    2015 թվականի հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրությունը կդառնա 20 տարեկան: 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը, նույն օրը ձեւավորվեց ՀՀ Առաջին գումարման Ազգային ժողովը: Այդ օրվանից ՀՀԿ-ն իշխանության մեջ է, 1999 թվականից` իշխանության հիմնական կրող: 1995 թվականին այսօրվա խրոխտ հանրապետականների մի մասն առաջին անգամ էր դառնում պատգամավոր: 20 տարի առաջ այս օրը այսօրվա ՀՀԿ-ականներ Հովիկ Աբրահամյանը, Հերմինե Նաղդալյանը անկուսակցական պատգամավորներ դարձան, Վարդան Այվազյանը` ՀՀՇ-ական էր եւ այլն: 191 պատգամավորով ԱԺ-ում հանրապետական էին ընդամենը չորսը` Աշոտ Նավասարդյան, Յուրի Բախշյան, Անդրանիկ Մարգարյան, Գալուստ Սահակյան: ՀՀԿ-ն ՀՀՇ-ի ստեղծած «Հանրապետություն» բլոկի մաս էր: Այս միավորը ԱԺ-ում մեծամասնություն ուներ, «Հանրապետություն» բլոկի մեջ մեծամասնությունը ՀՀՇ-ից էր, կային ՀՀԿ-ականներ, անկուսակցականներ, հնչակյաններ, ռամկավարներ: Աժ-ում կային կոմունիստներ, ԱԺՄ-ականներ, «Շամիրամ» կուսակցության անդամներ, ԱԻՄ-ականներ: ԱԺ-ում 10 կուսակցության ներկայացուցիչ կար: Այս ԱԺ-ում կա վեց խմբակցություն: ՀՀԿ ցուցակով բացի ՀՀԿ-ականներից պատգամավոր են դարձել վեց կուսակցության ներկայացուցիչներ: Անցած 20 տարում` ՀՀԿ կառավարման շրջանում արձանագրված 20 շրջափուլ:

    1. ԱԺ-ում գնդակահարեցին ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, պատգամավորների, նախարարի:
    2. Երեւանի կենտրոնում գնդակահարեցին ընտրելու իրենց իրավունքը պաշտպանող քաղաքացիների:
    3. «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին հանձնվեցին արտադրական հզորություններ, որոնք մի կողմ են նետված, չեն աշխատում:
    4. Ռուսաստանին վաճառվեց այդ պահի միակ բջջային օպերատորը:
    5. Ռուսաստանին վաճառվեց էներգետիկ համակարգը:
    6. Ռուսաստանին վաճառվեց երկրորդ բջջային օպերատորը:
    7. Ռուսաստանին վաճառվեց գազամատակարարման համակարգը:
    8. Ռուսաստանին վաճառվեց Իրան-Հայաստան գազատարը:
    9. Ռուսաստանցի բարձաստիճան մի պաշտոնյա հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է`ռազմական հենակետը:
    10. Անցկացվեց «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը», որի ժամանակ սփյուռքահայերն ասացին, որ Հայաստանից արտագաղթը լուրջ տագնապ եւ մարտահրավեր է:
    11. Քրեական, փողոցային կանոններով ապրողներին քաղաքական նպատակներով օգտագործելը սովորական դարձավ:
    12. Ընդդիմադիրներին` այդ թվում ղարաբաղյան պատերազմի մասնակից, քրեական հանցագործ որակելը եւ դատապարտելը սովորական դարձավ:
    13. Քրեական անցյալով անձանց պետական կարեւոր պաշտոններ վստահելը սովորական դարձավ:
    14. Մտավոր ունակություններով չփայլող, մականունավոր թաղային տղերքի ներկայությունը ԱԺ-ում սովորական դարձավ ու նրանց քանակը 20 տարում ավելացավ անգամներով:
    15. Սփյուռքահայ ներդրողներին խաբել-«քցելը» սովորական դարձավ:
    16. Պետական պաշտոնը անձնական նպատակներին ծառայեցնելը, գործող բիզնեսներում պետական պաշտոնյաների «փայ մտնելը» սովորական դարձավ:
    17. ՀՀ քաղաքացիների կարծիքն անտեսելը, արհամարհելը, անտեսելը սովորական դարձավ:
    18. Միջազգային տարբեր կառույցների զեկույցներում Հայաստանի մասին բացասական գնահատականները սովորական դարձան:
    19. Ղարաբաղը դուրս մնաց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից: Խորացավ ղարաբաղցի-հայաստանցի անընդունելի բաժանումը:
    20. Արտագաղթը աճեց ու չի դադարում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930