Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվեց խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունը: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները քննարկում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին ոստիկանության կողմից բերման ենթարկելու հետ կապված հարցերը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները՝ բացի ՀԱԿ-ից:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «շատ կառուցողական» բնորոշեց հանդիպումը և հայտարարեց, որ 3 ժամվա ընթացքում բոլոր երիտասարդներն ազատ կարձակվեն:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ առաջնահերթ խնդիրն այն է, որ քաղաքացիները բաց թողնվեն: Նա կարևորեց, որ շարժումը կուսակցականացված չէ: Ըստ պատգամավորի, պետք է անել ամեն ինչ, որ քաղաքացիական հասարակությունը չկոտրվի, իմանան, որ խնդրի դեպքում կարող են պայքարել ու արդյունքի հասնել: Պատգամավորները նշեցին, որ իրենց գործընկերներից ոմանք գնացել են քաղմասեր՝ հետևելու, որ ճնշումների չենթարկեն բերման ենթարկվածներին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի բերման ենթարկվածներն ազատ արձակվեն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ