Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել քանդակագործ Մեհմեդ Աքսոյին այն բանի համար, որ վերջինս Էրդողանից դատարանի վճռով ստացած դրական փոխհատուցումը կեղտոտ գումար էր անվանել եւ հարցազրույցի ընթացքում ասել էր. «Ես երբեք արձան չեմ պատրաստի կեղտոտ գումարով»: Այս մասին հաղորդել է «Bgnnews»-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի դատարանը որոշել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պարտավորեցնել քանդակագործ Մեհմեդ Աքսոյին որպես վնասի փոխհատուցում վճարել 10.000 թուրքական լիրա (3.750 ԱՄՆ դոլար):
Էրդողանը 2011 թվականին, երբ դեռ վարչապետ էր, Մարդկության կիսակառույց արձանը «անհեթեթություն» էր անվանել եւ առաջարկել այն հեռացնել: Արձանը պատրաստվում էր Հայաստանի եւ Թուրքիայի ընկերությունը խորհրդանշելու համար:
Քանդակագործի վերոնշյալ մեկնաբանությունների համար Էրդողանը դատի է տվել նրան եւ մեղադրել է նախագահին վիրավորելու համար: Նախագահը պահանջում է 4 տարի 8 ամսվա ազատազրկման դատապարտել քանդակագործին:
Կարդացեք նաև
Իր պաշտպանական ցուցմունքում քանդակագործ Մեհմեդ Աքսոյը պնդել էր, որ իր հայտարարությունով նպատակ չի ունեցել վիրավորել նախագահին. «Իմ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ես քանդակել եմ մոտավորապես 10 տոննա քար: Այն, ինչ ես անում եմ, շատ աշխատատար է: Իմ բառերը նախագահին վիրավորելու համար չէին: Ես նկատի ունեի, որ այս գումարը ուղղակի ընկել էր իմ ձեռքի մեջ եւ աշխատանքով ու քրտինքով վաստակած գումար չէր»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ