Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն առաջին փուլով 3448 դիմորդ ունի

Հունիս 23,2015 13:28

Թեև բուհերում այս տարի դիմորդների թվի պակաս կա, սակայն Երևանի պետական համալսարան դիմածների թիվը նախորդ տարվա ցուցանիշից էականորեն չի տարբերվում: Այստեղ առաջին փուլով 3448 դիմորդ է դիմել: Նախորդ տարի նրանց թիվը 3601 էր:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Ժակ Մանուկյանը:

Նրա փոխանցմամբ՝ ԵՊՀ-ում չկա այնպիսի ֆակուլտետ, որտեղ դիմորդ չլինի: Ինչ վերաբերում է ամենապահանջված ֆակուլտետներին, Ժակ Մանուկյանն ասաց, որ այդ առումով էլ այս տարի էական փոփոխություններ չկան. «Իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, հանրային կառավարումը շարունակում են մնալ պահանջված մասնագիտություններ»,- նշեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալը և հավելեց, որ բնագիտական մասնագիտությունների թևում ևս աճ է նկատվել, հատկապես մեխանիկայի, միջուկային ֆիզիկայի, դեղագիտության գծով:

Նա նաև տեղեկացրեց, որ միասնական քննությունների երկրորդ փուլը կանցկացվի հունիսի 25-ից հուլիսի 8-ը, իսկ երրորդ փուլում դրական միավորներ ստացածները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալի նշած 3448 և 3601 թվերով եթե կատարենք պարզ թվաբանություն, ապա նրա հայտարարած “նախորդ տարվա ցուցանիշից էականորեն չի տարբերվում” արտահայտության տակ ստացվում է դիմումների քանակի 4,4% նվազում: Որքան հիշում եմ, ԵՊՀ-ի նախորդ և նախանցած տարիների առաջին փուլերի դիմումների համեմատության ցուցանիշը ևս ուրախացնող չի եղել: Ու այսպես, տարեց-տարի մայր ԲՈՒՀ- ի դիմորդների թիվը պակասում է: Մտածել, թե դիմորդների թիվը նվազում է բոլոր համալսարաններում, այդպես չէ: Օրինակ` Ազգային պոլիտեխնիկական համալսարանում այս տարի նախորդ տարվա համեմատ տեղի է ունեցել ոչ թե դիմումների թվի նվազում, այլ` աճ (մոտ 5%):
    Դիմորդների թվի նվազելու և ավելանալու պատճառները սերտորեն կապված են տվյալ ԲՈՒՀ-ի վարկանիշի հետ, որը բարձրանում է ոչ թե ռեկտորների վերընտրությամբ ու անձնական կապերով, այլ նրանց կառավարման հմտություններով ու ԲՈՒՀ-ին իրենց նվիրվածությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930