Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի վեճը՝ Ռուբեն Հակոբյանի հետ. «Մտածում ես՝ դու էնքան ես, որ քեզանով պտի սրվի՞» (Տեսանյութ)

Հունիս 23,2015 12:53

«Պարո՛ն Սահակյան, ճիշտ կլիներ ոչ թե միանգամից սկսեինք քվեարկությամբ: Իհարկե, կատարվել էին դեպքեր, որոնք հասարակական լուրջ արձագանք ունեն, եւ ճիշտ կլիներ, որ ԱԺ ղեկավարությունն ինքը նախ բարձրաձայներ այդ մասին»,- այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպիսի հայտարարություն արեց ԱԺ ամբիոնի մոտ՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների առնչությամբ:

Գալուստ Սահակյանը, լսելով նրան՝ ձեռքը տնկելով՝ ասաց. «Ի՞նձ եք խորհուրդ տալիս, լսե՛ք, ձեր խորհուրդները ձե՛զ պահեք»: Նա ԱԺ կանոնակարգի մասին հիշեցրեց, իսկ Ռուբեն Հակոբյանը բարկացավ. «Ես ձեզ ասում եմ թույլ տվեք խոսել: Ես տեղյակ եմ ԱԺ կանոնակարգից ավելի, քան դուք: Մի՛ սրեք իրավիճակը, դուք բոլորից շատ եք սրում իրավիճակը»:

Գալուստ Սահակյանն էլ հեգնեց՝ պատգամավորի հետ խոսելիս միանգամից անցնելով դու-ի. «Եթե դու մտածում ես դու էնքան ես, որ քեզանով պտի սրվի՞…»: Ռուբեն Հակոբյանը սկսեց վիճել՝ բարձր տոնով. «Վե՛րջ տվեք ձեր այդ պրակտիկային: Ես գիտեմ որտեղ եմ գտնվում, ովքեր չգիտեն սա ինչ է, կխնդրեմ կարդալ կանոնակարգը, պառլամենտական մշակույթին տեղյակ լինեն, որպեսզի իզուր տեղը չլարեն իրավիճակը: Գլխավոր լարողն այսօր դո՛ւք եք: Չե՛ք տիրապետում ո՛չ կանոնակարգին, ոչ էլ պառլամենտական մշակույթին»:

Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ձեզ կզրկեմ խոսքից, որովհետեւ լեզվին եք տալիս, ոչ թե մտքին»:

Ռուբեն Հակոբյանն էլ՝ թե «Ես շատ բան ունեմ տալու, բայց թույլ տվեք խոսեմ: Այս մարմինն ու այս ամբիոնը թանկ է ինձ համար»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի, ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ եթե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված խոսք է գնում չարաշահումների մասին եւ իշխանությունը որեւէ քայլ չի անում, նշանակում է՝ ինչ-որ բան այն չի. «Մենք պիտի կարողանանք այստեղ քննարկենք, եթե չենք քննարկում՝ ժողովուրդը գնում է փողոց եւ կարող է գնալ նաեւ անօրինական քայլերի: Մենք պիտի կանխենք այստեղ, ոչ թե եթե դուրներս չի գալիս, պիտի փակենք խոսափողները»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930