«Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել»,- սա ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի գնահատականն է լուսադեմին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին:
Հիշեցնենք, ոստիկանները ջրցան մեքենաներով եւ ուժ կիրառելով, լուսադեմին ցրել են Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույց անող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին: Տուժել են նաեւ լրագրողներ:
ՀՀԿ-ական պատգամավորը տեղյակ չէ, թե ի՞նչ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում. «Տեղեկություն չունեմ ես»: Նա լրագրողներից հետաքրքվեց. «Ինչի՞ համար էին փակել Բաղրամյանը» ու հավելեց. «Մենք էլ ենք դրա դեմ պայքարում, որ չթանկանա, հնարավորության դեպքում էլեկտրականության հետ կապված…»:
Նա չի տեսել ու չի հավատում, որ բարձրաստիճան ոստիկան Լևոն Երանոսյանի հրահանգով լրագրող են ծեծել: «Ես չեմ հավատում, որ Երանոսյան Լյովան ըտենց բան կարա անի»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ ոստիկանները ժողովրդին ծեծել են, պատգամավորը պատասխանեց. «Դուք ամեն ինչ վերագրում եք ժողովրդին, երբ որ ես անշնորհք մի հատ բան անեմ, վերածեք նորից ժողովրդին: Մասսայական ա եղել, ուրեմն մի հոգին սարքել ա, որ ինադու սաղին հանի օրենքի առաջ»:
Ըստ նրա, ծեծի ենթարկողները ոչ թե քաղաքացիական հագուստով ոստիկաններ, այլ շատ հնարավոր է, որ սադրիչներ լինեն. «Էդ էլ կա, խի չեք հաշվի առնում: Ինչ գիտես, ով ա հարձակվել, ասում եք՝ գրաժդանսկի են եղել: Չէ՞ որ մնացածն էլ կարային, չունեի՞ն գրաժդանսկի շոր, կարային գրաժդանսկի շորերով ըլնեին, բայց ուրեմն իրանք են սարքել էդ պրովոկացիան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ